կարևոր
667 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-20 13:47
Իրավական

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան

Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն անդրադարձել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքի երկարաձգման՝ դատախազության միջնորդությանը՝ գրելով․

«Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում:

Սա նորություն չէ, նորություն է, որ այդ ամենն արվում է նույն օրը, գրեթե նույն ժամին:

Ի դեպ, հայր և որդի Քոչարյանները զրկված են նույնիսկ իրար հետ հաղորդակցվելուց: Սա հերթական դեպքն է, երբ արձանագրվում է մարդասիրության ճգնաժամը:

Ի տարբերություն հազարավոր կալանքի այլ դեպքերի՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների դեպքում կա մեկ փաստ, որը բացառում է կալանքի հարցը ընդհանրապես․ դա իրենց բնակության վայրն է: Իրենք բնակվում են մի վայրում, որը ՊՊԾ 24-ժամյա հսկողության օբյեկտ է: Այսինքն, տնային կալանքը նույն կերպ հնարավոր է, նույնիսկ ավելի արդյունավետ կարող է լինել, բայց քննիչները, պարգևատրվող դատախազները «տեղյակ» չեն:

Սեդրակ Քոչարյանի գործով դատավորը հայտնի է որպես միակ դատավոր, ում Փաշինյանը մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ Ծառուկյանին արդարացնելու դատավճռի համար, բայց ով շարունակում է պաշտոնավարել: Բոլորը գիտեն՝ ինչու․ որ անխտիր բոլոր պահանջների կատարումն ապահովի:

Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է քննի այն դատավորը, որը երկու ամիս առաջ կալանավորել է հենց Սեդրակ Քոչարյանին:

Այս ամենի պայմաններում տեղին է հիշել ԵԽԽՎ զեկույցը` Հայաստանում ընտրովի արդարադատություն է, քաղաքական հետապնդումների միջավայր է, և վե՛րջ: Իհարկե՝ սա էլ կավարտվի»: