կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-19 11:53
Աշխարհ

Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու մասին

Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսում հարաբերությունները վերականգնելու մասին

Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով. գրում է Financial Times- ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ թերթի՝ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 9-ին Բաղդադում, Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի միջնորդությամբ, 2016 թվականից ի վեր երկու երկրների «առաջին նշանակալի քաղաքական քննարկումներն են»:

Ըստ աղբյուրների՝ բանակցություններում ներառված է եղել «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից Սաուդյան Արաբիայի տարածքի վրա հարձակումների թեման, որը  «դրական» արդյունք է տվել։ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը գլխավորել է Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Խալիդ բին Ալի ալ Հումայդան: Աղբյուրները նշում են, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ:

«Բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` միջուկային գործարքը վերականգնելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու փորձերի ֆոնին: Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ բանակցային սեղանի շուրջը նստելու փաստի վրա ազդող մեկ այլ գործոն է վերջինիս ցանկությունը վերջ տալ Եմենում վեցամյա պատերազմին, ինչպես նաև արժանանալ Բայդենի բարյացակամ վերաբերմունքին, որը խոստացել է վերանայել հարաբերությունները թագավորության հետ»,- գրում է Financial Times-ը:

Ըստ թերթի մեջբերած պաշտոնյաներից մեկի՝ «բանակցություններն ավելի արագ են ընթանում, քանի որ ԱՄՆ-ի բանակցությունները (միջուկային գործարքի շուրջ) նույնպես ավելի արագ են շարժվում՝ հութիների գրոհների պատճառով»:

Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի հետ բանակցությունների փաստը: Իրաքի և Իրանի կառավարությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ 2016-ի հունվարին՝ Թեհրանում և Մեշհադում նրա դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներից հետո, որոնք հրահրվել էին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատժի պատճառով: Արաբական սուննի աշխարհի առաջատարներից Բահրեյնը, Սուդանը և Ջիբութին, Ռիադի հետ համերաշխությունից ելնելով, դադարեցրել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: