կարևոր
730 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-13 20:44
Հասարակություն

Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել

Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել

Այֆոնների օգտատերերի համար երիտասարդ ծրագրավորող Ալբերտ Հարությունյանը նոր ստեղնաշար է ստեղծել՝ «iBuben Keyboard»-ը, որում հասանելի է նաև Արցախի բարբառը։

Արցախի Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում և բարձր է գնահատում iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում Արցախի բարբառի ինտեգրմանն ուղղված մասնավոր նախաձեռնությունը։

«Արցախցիների բռնի տեղահանության և բռնագաղթի հետևանքով ստեղծված այս ծանրագույն պայմաններում մեր լեզվական ու մշակութային ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու հանրայնացումը ստանում են ռազմավարական նշանակություն։ Արցախի բարբառը՝ հայերենի ամենախոշոր, հնագույն ու հարուստ բարբառներից մեկը, հանդիսանում է մեր ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հայրենիք վերադառնալու արդարացի ու անօտարելի իրավունքի կենսունակության հիմնասյունը։

Այս նախագիծն ունի ինստիտուցիոնալ առանցքային նշանակություն։ Հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատության կիրառումն ապահովել է բառապաշարային բազայի բարձր որակն ու երաշխավորել օգտագործվող լեզվական նյութի վավերականությունը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից մոբայլ սարքավորումների բառերի կանխատեսման (ավտոհուշման) գործառույթում բարբառի ներդրումը նպաստում է առօրյա հաղորդակցության մեջ դրա ակտիվ կիրառմանը, հատկապես՝ երիտասարդության շրջանում, ինչն էական է տարագրության մեջ մեր մշակութային դիմագիծը չկորցնելու համար։

Բարբառի փոխադրումը ժամանակակից թվային տիրույթ արդյունավետ գործիք է մշակութային-լեզվական ժառանգությունը դուրսմղումից ու մոռացությունից պաշտպանելու համար՝ վառ պահելով մեր պատմական հողերն ու տուն վերադառնալու հավատը։ Երախտագիտություն ենք հայտնում նախագծի հեղինակ Ալբերտ Հարությունյանին և նախաձեռնության իրականացմանը մասնակցած բոլոր մասնագետներին ու հորդորում քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել հասանելի թվային գործիքները մայրենի լեզուն պահպանելու համար»,- նշված է հայտարարության մեջ։