կարևոր
649 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-04 15:52
Հասարակություն

Արցախ Միությունը ողջունում է Կորսիկայի Ժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը

Արցախ Միությունը ողջունում է Կորսիկայի Ժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը

Արցախ Միությունը ողջունում է Կորսիկայի Ժողովի կողմից հուլիսի 30-31-ի արտահերթ նստաշրջանում ընդունված N° 2026/E5/011 բանաձևը, որով Կորսիկան իր աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին և պահանջում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալներին։

«Նմանատիպ բանաձևերը կարևոր նշանակություն ունեն մեզ համար, քանի որ դրանք ցույց են տալիս Կորսիկայի ժողովրդի, ինչպես նաև սեփական ազատության և ինքնորոշման համար պայքարող այլ ժողովուրդների աջակցությունն արցախցիներին։ Այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի հարցը փակված չէ, իսկ Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի ջղաձիգ արձագանքը խոսուն փաստ է այդ առումով», - նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը: 

Արցախ Միությունը բարձր է գնահատում Կորսիկայի խորհրդարանի այս սկզբունքային և մարդասիրական քայլը։ Միջազգային հարթակներում հնչող այսպիսի հստակ ուղերձներն առանցքային նշանակություն ունեն մեր հայրենակիցներին օր առաջ գերությունից ազատելու և մեր արդարացի պայքարը տրամաբանական հանգրվանին հասցնելու գործում:

Բանաձևի տեքստի ամբողջական թարգմանությունը տեղադրվում է ստորև.

ԲԱՆԱՁԵՎ

Արցախի աջակցության և Ադրբեջանի կողմից պահվող հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտության վերաբերյալ

Հաշվի առնելով ՄԱԿ 1945 թվականի Կանոնադրությունը,

Հաշվի առնելով 2015/01/2010 թիվ բանաձևը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ,

Հաշվի առնելով 2020/02/031 թիվ բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության աջակցության և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ,

Հաշվի առնելով 2022/02/025 թիվ բանաձևը՝ Ադրբեջանի նոր հարձակումներից հետո հայ ժողովրդին աջակցելու վերաբերյալ,

Հաշվի առնելով 2023/10/05 թիվ բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղին աջակցելու վերաբերյալ,

Հաշվի առնելով, որ 1894 թվականից սկսված և 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ առավել սրված, մինչ օրս շարունակվող պանթուրքական գաղափարախոսությամբ ներշնչված ուժերի և պետությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ միտված է հայ ժողովրդի աստիճանական վերացմանը,

Հաշվի առնելով, որ միջազգային հանրությունն ունի բարոյական և էթիկական պարտավորություն՝ պաշտպանելու վտանգի ենթարկված ժողովուրդների իրավունքները, անվտանգությունն ու արժանապատվությունը,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը և պատմական արդարությունը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, իրականացնելով Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, շարունակում է ռազմական, քաղաքական և վարչական օկուպացիայի տակ պահել Արցախը,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը կրում է ամբողջական պատասխանատվություն ավելի քան 120 000 մարդու հարկադիր տեղահանության համար, որոնք ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում,

Հաշվի առնելով, որ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալ ցանկացող Արցախի հայերի անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձը,

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը մինչ օրս, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտմամբ, շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի Հանրապետության տասնինը հայ քաղաքացիների,

Հաշվի առնելով, որ այդ քաղաքական բանտարկյալների թվում են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որոնք դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նրանց թվում են նաև պաշտպանության նախկին նախարար, գեներալ Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման,

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության արդար պահանջը՝ հասնելու քաղաքական կարգավորման և իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման,

Հաշվի առնելով անցյալի ցեղասպանական հանցագործությունների կրկնությունը կանխելու հրատապ անհրաժեշտությունը,

ԿՈՐՍԻԿԱՅԻ ԺՈՂՈՎԸ

Հիշեցնում է Կորսիկայի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող պատմական կապերի մասին։

Վերահաստատում է իր անսասան աջակցությունը Արցախի Հանրապետությանը և Արցախի հայ ժողովրդին, որը բռնի կերպով տեղահանվել է իր հայրենիքից և ներկայումս ապաստան է գտել Հայաստանի Հանրապետությունում։

Հայտնում է իր լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ քաղաքական բանտարկյալների և նրանց ընտանիքների նկատմամբ։

Խստորեն դատապարտում է նրանց պահման անարդար պայմանները և նրանց նկատմամբ իրականացվող կամայական դատական գործընթացները, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանտարկյալներին։

Ընդգծում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, օկուպացիոն ուժերի դուրսբերման, ինչպես նաև Արցախի հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, անարգել և իրական միջազգային երաշխիքներով ապահովված վերադարձի իրավունքի հարգման կարևորությունը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան։

Կոչ է անում Եվրոպական միությանը, նրա հաստատություններին, անդամ պետություններին և բոլոր քաղաքական ուժերին կիրառել բոլոր քաղաքական, դիվանագիտական և իրավական միջոցները՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու և հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու համար։

Վերահաստատում է Կորսիկայի համայնքի հանձնառությունը շարունակելու և ամրապնդելու իր աջակցությունը Հայաստանին և Արցախին։

Հիշեցնում է, որ ինչպես Կորսիկայի, այնպես էլ ցանկացած ժողովրդի ապագան կարող է կառուցվել միայն իրավունքի, արդարության և ազատության վրա, և որ տևական խաղաղությունը հնարավոր է միայն օկուպացիայի, անարդարության և կամայականության դեմ իրավունքի գերակայության պայմաններում։ Գաղութացման և ենթարկման զոհ դարձած բոլոր ժողովուրդների նկատմամբ համերաշխությունը քաղաքական և հումանիստական պարտականություն է։

«Արցախ Միությունը» բարձր է գնահատում Կորսիկայի այս մարդասիրական հանձնառությունը՝ կիսելով այն համոզմունքը, որ տևական խաղաղություն հնարավոր է կառուցել բացառապես իրավունքի գերակայության և ոչ թե օկուպացիայի ու կամայականությունների պայմաններում։