կարևոր
733 դիտում, 59 րոպե առաջ - 2026-07-24 22:31
Աշխարհ

Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն․ քաղաքապետը՝ Նեթանյահուի մասին

Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն․ քաղաքապետը՝ Նեթանյահուի մասին

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանի բրիտանական մայրաքաղաք, ինքը կձգտի ապահովել նրա ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերի կատարումը։ Խանը նշել է, որ այդ հարցով պատրաստվում է դիմել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմին։

«Ցեղասպանության մեջ մեղադրվող անձինք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- Channel 4 News-ին տված հարցազրույցում ասել է Խանը՝ հավելելով, որ ցեղասպանություն իրականացնող մարդկանց Լոնդոնում չեն սպասում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ՄՔԴ-ի կողմից 2024 թվականի նոյեմբերին Նեթանյահուի նկատմամբ տրված օրդերը ցեղասպանության մեղադրանք չի պարունակում։ ՄՔԴ-ն նրան կասկածում է մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ սովի օգտագործման՝ որպես պատերազմի մեթոդի։ Իսրայելը մերժում է մեղադրանքները և չի ճանաչում դատարանի իրավասությունը։