Միասին կարող ենք
կարևոր
304 դիտում, 57 րոպե առաջ - 2026-05-17 16:38
Քաղաքական

Վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի» թուղթ հանել, որ մենք այլևս պետական ղեկին գժեր չունենանք. Ռոբերտ Քոչարյան

Վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի» թուղթ հանել, որ մենք այլևս պետական ղեկին գժեր չունենանք. Ռոբերտ Քոչարյան

«Երեկ երեկոյան, սիրելի ժողովուրդ, մի բան հայտնաբերեցի, որ մեր ծրագրում կա մեկ լուրջ թերություն։ Ո՞րն է դա։ Նայեք. մարդ վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկանք է ստանում։ Ժողովուրդն ասում է՝ «փսիխոյի թուղթ»։ Հիմա, պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխո»-ի թուղթ հանի։ Եվ մենք անպայման մտցնելու ենք մեր ծրագրի մեջ, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխո»-ի թուղթ հանել մինչև ընտրություններին մասնակցելը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք։ Ուրիշ տարբերակ այս պատնեշը դնելու չկա։ Ընդունո՞ւմ եք այս առաջարկը, սիրելի ժողովուրդ։

Ընդհանրապես, ի՞նչ է ուզում պարզ, միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ենթադրում եմ, որ ուզում է հանգիստ ապրել, աշխատանք ունենալ, վստահ լինել, որ իր երեխաները նորմալ կրթություն ի վիճակի են ստանալ, որ փողոցը անվտանգ է։ Երևի սա է, ինչ է ուզում պարզ ժողովուրդը։ Ժողովուրդը չի ուզում մտածի անվտանգության մասին. եթե կա նորմալ ղեկավար, ինչո՞ւ պիտի ժողովուրդը մտածի անվտանգության մասին։ Եվ մարդիկ բնականաբար ուզում են, որ երեխան ունենա անվտանգ երկիր, անվտանգ ապագա, ուզում են, որ երեխան հանկարծ վտանգավոր շրջապատում չհայտնվի, դպրոցում սովորելիս թմրամոլ չդառնա։ Սա պարզ ցանկություններ են։

Բայց ի՞նչ է առաջարկում այսօր այս իշխանությունը մեր ժողովրդին։ Մշտական լարվածություն, հիստերիկ դրսևորումներ, ժողովրդին իրար դեմ հանել։ Այս խառնակչությունն ամեն ինչում գագաթնակետի է հասցնում ու սպառնում է սեփական ժողովրդին պատերազմով։ Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, և այս իշխանությունը թմրանյութը բերել է ամեն մի դպրոց։ Սրա՞ համար ենք քվեարկել այս մարդկանց համար։

Էլ չեմ խոսում ազգային հարցերի մասին, չեմ խոսում Արարատ-Արագածի բանավեճի մասին, չեմ խոսում իրենց ծրագրերում եկեղեցու դեմ պայքարը ամրագրելու մասին։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են սա անում։ Ես ողջամիտ, ռացիոնալ բացատրություն այս ամենին չունեմ։ Մեկ-մեկ ուզում եմ հասկանալ՝ լավ, սրա տակը ինչ-որ մի տրամաբանություն կա՞ դրած, թե չկա։ Չեմ տեսնում։ Միակ ռացիոնալ բացատրությունն հետևյալն է. լուրջ հարցերն անլրջացնել, և այդ անլրջացման գործընթացի ժամանակ, քանի որ ինքն անլրջությունների վարպետ է, լուրջ հարցերից որևէ բանավեճ չգնա, լուրջ հարցերի շուրջ քննարկումներ չլինեն, և ամեն ինչ բերի պրիմիտիվ, գժական, կիսագժական մակարդակի վրա։ Սա է, որովհետև որևէ հարցի շուրջ լուրջ բանավեճի ժամանակ այս մարդը ոչ գիտելիք ունի, ոչ ասելիք ունի»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։