Միասին կարող ենք
կարևոր
391 դիտում, 51 րոպե առաջ - 2026-05-12 17:54
Իրավական

Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Վահե Դոլմազյանին

Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունն այսօր չքննարկվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել տնային կալանքը վերացնելու կամ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննարկումը։

Պաշտպան Արամ Վարդևանյանը, հիշեցնենք, միջնորդությունը ներկայացրել էր՝ նկատելով, որ խափանման միջոցի պայմանների այնպիսի փոփոխություն է եղել, որ այժմ պետք է խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դառնա։ Որպես հիմք պաշտպանն, ի թիվս այլ հիմնավորումների, հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստան» ուժն այլևս մասնակցում է ԱԺ ընտրություններին, գրանցվել է ԿԸՀ-ում, այժմ գտնվում է նախընտրական քարոզչության ընթացքում։ Դատարանը որոշեց առանց քննության թողնել միջնորդությունը՝ նշելով, թե նոր հանգամանքներ առկա չեն։ Արամ Վարդևանյանը նկատեց, որ ոչ ոք չգիտեր, թե ԿԸՀ-ն ինչ կարող էր որոշել, բացի այդ, ապրիլի 17-ից հետո Կարապետյանը հազարավոր մարդկանց է հյուրընկալել, հարցազրույցներ ունեցել։

«Չեմ պատկերացնում՝ ունենալ նախընտրական շրջան, ունենալ գրանցված ուժ, ունենալ գրանցված ուժի նախագահ, հակառակորդ ուժի ղեկավարն ասի՝ բա ուր է, ինչու չի գալիս, մասնակցում և թույլ չտա՞լ»,- ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ առաջարկել էին ևս 400 մլն դրամով մեծացնել գրավի չափը, Կարապետյանի տնային կալանքի ժամկետն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ երկարացվել է։ Պաշտպանը նշեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատավորին՝ բացարկի վերաբերյալ։ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, թե՛ նախորդինը, երբ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին անգամ այցելել հոր գերեզմանին, իրենց համար բավարար են, որ ներկայացնեն բացարկի միջնորդություն։

«ՀՀ-ում այլևս խախտված է քաղաքական գործընթացի հավասարության երաշխիքը։ Եթե քաղաքական ուժերից մեկի առաջնորդը կարողանում է շփվել քաղաքացիների հետ, ներկայացնել իրենց ծրագրերը, իսկ մյուս ուժի քաղաքական առաջնորդն այդ հնարավորությունից զրկված է, սա խոսում է Հայաստանում քաղաքական իրավունքների հավասարության խաթարման մասին»,- հայտարարեց նա։