|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Սոցիալական ծրագրերը խորը քաղաքական հիմքեր ունեն և դրանց նպատակն արցախցիներին վերացնելն է։ Դա տարբեր ձևով կլինի՝ սոցիալական ծանր բեռի տակ Հայաստանից դուրս մղումը կամ որպես սոցիում ու սուբյեկտ թուլացնելը։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ անկախ նախընտրական շրջանի թեժացած կրքերից ու անկախ ընտրությունների արդյունքներից շարունակելու են արցախցիների իրավունքների պաշտպանությունը։
Անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի նախընտրական ցուցակում արցախցիների ներառվելուն՝ պատգամավորը նշեց, որ դա զուտ անձնային հարաբերությունների արդյունք է։
«Խնդրում եմ դա չդիտարկել որպես արցախցիների իրավունքների վերաբերող ուղղություն։ Ինչո՞ւ, որովհետև, ցավոք սրտի, առ այսօր մենք որևէ քաղաքական ուժի ծրագրում չենք տեսել հստակ ձևակերպված արցախցիների վերադարձի իրավունքը, կամ հետագայում այն որպես քաղաքական օրակարգ ունենալը։ Դեռևս չկա։ Գո՞ւցե՝ կտեսնենք, չբացառենք։ Իսկ եթե կան այնպիսի ուժեր, որ համարում են, որ իրենք պետք է ինչ-որ դեմքեր ստեղծեն ու դրանով փորձեն արցախցիների մոտ վստահություն ձեռք բերել, ապա նրանք ճիշտ ճանապարհի չեն։ Անկախ ով կլինի իշխանության, մենք շարունակելու ենք արցախցիների իրավունքների պաշտպանությունը և պարտադրելու ենք մեր օրակարգը թե ներկայիս իշխանությանը, թե նոր ձևավորվող, անկախ նոր իշխանությունը կլինի գործողը, թե՞՝ ընդդիմադիր ուժերից։ Մենք անընդհատ անհանգստություն ենք պատճառելու նրանց»,- ասել է նա։
Մ. Հակոբյանը տեղեկացրել է, որ շարունակվում է մարզերում Արցախի ԱԺ պատգամավորների և արցախցիների հանդիպումները։
«Մենք հիմնականում խոսում ենք սոցիալական խնդիրներից, խոսում ենք մեր Արցախ վերադարձի հետ կապված պատկերացումներից։ Հիմնականում դա երկխոսություն է, ինչքան մենք ենք մեր կարծիքը ասում, այդքան էլ՝ լսում ենք մեր քաղաքացիներին, նաև որոշ բաներ ներառում մեր կողմից կազմվող արցախցիների հավաքական պահանջի մեջ։ Անկախ նրանից, թե տարբեր ուժեր մեդիադաշտում ինչպես են փորձում ներկայացնել արցախցիների հետ մեր հանդիպումները, վստահեցնում եմ, որ դրանք շատ սպասված են, երկուստեք։ Այսինքն՝ արցախցիներն ընդունեմ են Արցախի իշխանություններին, հասարակ ժողովրդի մոտ վստահություն կա Արցախի իշխանությունների հանդեպ։ ՀՀ գործող կամ նոր իշխանություններն էլ պետք է բացեն իրենց աչքերն ու տեսնեն Արցախի իշխանություններին»,- ասել է պատգամավորը և հավելել, որ որևէ նոր «ստեղծված դեմք» չի ընդունվի արցախցիների կողմից։