Միասին կարող ենք
կարևոր
2887 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 21:41
Քաղաքական

Պուտինը և Օվերչուկը սպառնո՞ւմ են, թե՞ զգուշացնում. Բենիամին Մաթևոսյան

Պուտինը և Օվերչուկը սպառնո՞ւմ են, թե՞ զգուշացնում. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այս թեմային դեռ շատ ենք անդրադառնալու, որովհետև այն բավականին ծավալուն և կարևոր հարց է: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ հանդիպեց ՌԴ նախագահի հետ: Վերջինս մի շարք հարցերի վերաբերյալ գնահատականներ տվեց, որոնց հայկական կողմը (և այստեղ առաջին հերթին նկատի ունենք հայ հանրությանը, քաղաքական գործիչներին ու քաղաքական դասին) երևի թե այդքան էլ պատրաստ չէր:

Ի՞նչ ասաց ռուսական կողմը: Ասաց, որ եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որն այժմ վարում է (իրենց ձևակերպմամբ՝ դեպի Եվրոպական Միություն, բայց իրականում մեզ տանում են ոչ թե դեպի Եվրամիություն, այլ դեպի թյուրքական աշխարհ), ապա դա հանգեցնելու է նրան, որ բացի ռազմականից, նաև տնտեսական առումով հարաբերությունները Ռուսաստանի հետ փաստացիորեն զրոյացվելու են:

Դա նշանակում է, որ մենք կորցնելու ենք ավելի քան մեկ միլիարդ դոլարի գյուղմթերքի արտահանման շուկաներ, գազը ստանալու ենք 600 դոլարով և այլն: Թե՛ Պուտինը, թե՛ Օվերչուկը հստակ մեկնաբանություններ տվեցին:

Ի՞նչ արձագանք եղավ այստեղից: Ասում են՝ սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Փաշինյանի կոալիցիոն գործընկերներից մեկն էլ ասում է. «Այո՛, մենք կդիմանանք մի քանի ցուրտ ձմեռ, բայց կպայքարենք ինքնիշխանության համար»: Կան նաև մի փոքր ավելի «խելոքներ», ովքեր ասում են. «Դե, եթե ռուսական գազ չլինի, օրինակ՝ կգնենք ադրբեջանական գազ»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե արդյոք նրանք կցանկանան վաճառել, թե ոչ, կամ ինչ գնով կվաճառեն: Մի՞թե մարդիկ չեն հասկանում, որ դրանով Ադրբեջանին լծակ է տրվելու Հայաստանի Հանրապետության վրա հավելյալ ճնշումներ գործադրելու համար:

Պատկերացրեք՝ նրանք մեզ հետ անեն այն, ինչ արեցին Արցախի հետ Լաչինի միջանցքում: Ստանալով ազդեցություն էներգետիկ համակարգի վրա՝ օրինակ, փակեն գազատարը ու ասեն. «Մինչև ձեզ չհռչակեք «Արևմտյան Ադրբեջան»՝ գազ չեք ստանալու», կամ «Մինչև ադրբեջանցիները չտեղափոխվեն Հայաստան՝ գազ չեք ստանալու»:

Այսինքն՝ ստացվում է հետևյալը (ռուսերեն մի արտահայտություն կա՝ «назло бабушке отморожу уши»): Հիմա, ռուսներին «ինագու», մենք պատրաստ ենք երկիրը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Ինչի՞ համար: Հանուն ինչի՞... ինչպես կասեր դասականը: Հանուն նրա որ մի փոքր խմբակ շարունակի մսխել պետականության այն ռեզերվն ու ժառանգությունը, որը դեռ կա: Եվ հանուն նրա՞, որ Ալիևը կարողանա ասել. «Արցախը բռնազավթելուց հետո ես նաև կարողացել եմ ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»:

Տեսանյութն՝ այստեղ։