կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 17:41
Հասարակություն

Ստորացված եմ, մենք երկիր ենք կորցնում, չեմ ուզում այսպես ապրել․ Շիրակի մարզպետարանի թիվ 2-րդ դպրոցի տնօրենն անժամկետ հացադուլ է հայտարարել

Ստորացված եմ, մենք երկիր ենք կորցնում, չեմ ուզում այսպես ապրել․ Շիրակի մարզպետարանի թիվ 2-րդ դպրոցի տնօրենն անժամկետ հացադուլ է հայտարարել

Գրեթե 20 օր չեմ կարողանում համակերպվել այս իրավիճակի հետ, որ կարող ենք այսքան նվաստացած, այսքան պատվազրկված լինել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Հովհաննես Պետրոսյանը, որը Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Մեր երկրի ու ազգի համար այս իրավիճակը պատուհաս է, ու ծայրահեղ  քայլերով պետք է լուծվի։ Այս տխրահռչակ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո իմ պատմաբան ընկերոջ հետ խորհրդակցում էի՝ լավ, ի վերջո, մեր դասագրքերում կա Շուշիի գրավման տոնակատարություն, «Հարսանիք լեռներում», բա հաջորդ մայիսին մենք ի՞նչ ենք ասելու մեր աշակերտներին, մեր զավակներին։ Ես ստորացված եմ, չեմ ուզում այդպես ապրել, չեմ ուզում, որ այդպես ապրեն իմ զավակները, իմ աշակերտները, իմ բարեկամները, իմ ընկերները»,- ցավով նշեց նա։

Հացադուլի գաղափարը Հովհաննես Պետրոսյանի մոտ ծագել է դեռևս Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարությունը ստորագրելուց օրեր անց․ «Երբ ընկերներս Երևանում՝ կառավարության առաջ, հացադուլ հայտարարեցին, ինքս ինձ փորձում էի համոզել, որ չգնամ այդ ծայրահեղ քայլին, մտածում էի, որ ինչ-որ բան կփոխվի, իշխանությունները՝ ի դեմս ՀՀ վարչապետի, կսթափվեն, բայց՝ ոչ»,- ասաց նա ու ազգին ոտքի կանգնելու կոչ արեց․ «Այս քայլով կոչ եմ անում իմ ազգին՝ ոտքի կանգնել, մենք երկիր ենք կորցնում։ Մեզ նվաստացրել են, այլևս լռելու տեղ չունենք, վախենալու տեղ չունենք, ումի՞ց վախենանք, երկիր ենք կորցրել։ Որպես հայ՝ ուզում եմ մի փոքր վերականգնվի հպարտությունս»։

Թեև Երևանում հացադուլ հայտարարած դաշնակցական ընկերներն այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են ակցիան, բայց Հովհաննես Պետրոսյանը, ողջունելով կաթողիկոսի և իր ընկերների քայլը, պնդեց, որ չի պատրաստվում ինքն էլ դադարեցնել։ Իսկ առողջական վիճակից չի դժգոհում, ավելին՝ Շիրակի մարզի շտապօգնության բուժանձնակազմը  պարբերաբար այցելում է իրեն, հետաքրքրվում իր ինքնազգացողությամբ։

Իսկ, թե ինչո՞ւ է հացադուլը հայտարարել հենց մարզպետարանի առջև, Հովհաննես Պետրոսյանը պարզաբանեց. «Ի վերջո, մարզպետարանը փոքրիկ կառավարությունն է Շիրակում, բայց ես ոչ թե մարզպետի հրաժարականն եմ պահանջում, այլ, ի դեմս մարզպետարանի, տեսնում եմ մեր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

Հետաքրքրվեցինք, թե Շիրակի մարզպետն այցելե՞լ է իրեն, ասաց՝ դեռ ոչ, քանի որ մարզպետը գտնվում է Արցախում։ Փոխարենը մարզպետարանի աշխատակիցներն են այցելել։

Հովհաննես Պետրոսյանը համոզված է՝ Փաշինյանի հեռացումով գոնե կնվազեցվեն ամեն օր պատուհասող  կորուստները: «Այս  պահի դրությամբ  դեռ կորցնում ենք ու կորցնում տարածքներ, իսկ վաղը, մյուս օրը չգիտենք, թե էլ ինչ ենք կորցնելու։ Գոնե Փաշինյանի հեռացումով այս գործընթացը կկանխենք,  որպեսզի հետո հասկանանք՝ փոքր, թե մեծ քայլերով ինչ կարող ենք անել, որպեսզի կարողանանք վերականգնել մեր կորուստները։ Այս պահին ունենք 5000-ից ավելի զոհ, անհայտ կորածներ, ռազմագերիներ»,- ցավով արձանագրեց հացադուլի դիմած դպրոցի տնօրենն ու ցավով կարևորեց, որ ռազմագերիների խնդիրն առաջնային է, որով չեն զբաղվում պատկան մարմինները։

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը