Միասին կարող ենք
կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-16 21:47
Աշխարհ

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակմամբ բռնության շղթա են սանձազերծել Մերձավոր Արևելքում. ՌԴ

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակմամբ բռնության շղթա են սանձազերծել Մերձավոր Արևելքում. ՌԴ

Իրանի վրա ուխտադրուժ և չհրահրված հարձակմամբ ԱՄՆ-ն ու Իսրայելը բռնության նոր փուլ են սանձազերծել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ տարածաշրջանում ճգնաժամի ընդլայնման կապակցությամբ։

«Իրանի վրա իրենց ուխտադրուժ և չհրահրված հարձակմամբ ԱՄՆ-ն և Իսրայելը Մերձավոր Արևելքում բռնության աննախադեպ շրջապտույտ են սկսել, որի վերջը չի երևում»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ ամերիկա-իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասնում է հարյուրների և հազարների, անդառնալի վնաս են կրում քաղաքացիական ենթակառուցվածքները, Իրանի պատասխան հարվածներից տուժում են նաև հարևան երկրները, կաթվածահար է եղել նավագնացությունը համաշխարհային տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով:

Դրա հետ մեկտեղ նախարարությունում նկատել են, որ ապաէսկալացիայի ուղիներ փնտրելու և բանակցություններին վերադառնալու փոխարեն նկատվում է հետագա փոխադարձ դաժանացում, կողմերը ավելի ու ավելի մահացու և կործանարար հարվածներ են հասցնում միմյանց։

«Վերահաստատում ենք բոլոր կողմերին ուղղված մեր հաստատակամ կոչը՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և իրավիճակը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն: Եվ առաջին հերթին՝ հրաժարվել քաղաքացիական օբյեկտների ու ենթակառուցվածքների վրա հարձակումներից, կանգնեցնել խաղաղ բնակչության մահերն ու տառապանքները ինչպես Պարսից ծոցի արաբական երկրներում, այնպես էլ Իրանում»,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։