Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց, թե ինչու Ամենայն Հայոց կաթողիկոսը չի ցանկացել ծանոթանալ կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ Սրբազան) տարած եզրակացությանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ։
«Քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը Արման Սարոյանն էր։ Ինձ համար նախ անհասկանալի է, գուցե հասկանալի է, թե ինչու է Քննչական կոմիտեն շահագրգռված մի ուղղությամբ իրականացնել վարույթը։ Մենք բերում ենք փորձաքննությունների տվյալներ, որ կեղծված են դրանք։ Փոխարենն այդ ուղղությամբ պարզեն, թե ով է իրականացրել այդ կեղծիքը, ամեն անգամ պնդում են այն կեղծ թեզը, որն այն իրական է։ Միջազգային փորձաքննությունները հաստատեցին, որ դրանք տեագրություններն օբյեկտիվ իրականության մեջ չեն եղել»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանը նկատեց, կարգալույծ արված նախկին հոգևորականը՝ Արման Սարոյանն առիթը բաց չի թողնում տարբեր հարցազրույցներում հայտարարելու, թե այդ տեսագրությունները հաստատված փաստ են։
«Կարծես չգիտեմ, կամ նկարահանումն է ինքն իրականացրել, կամ մոնտաժը, երկուսից մեկը գոնե պետք է իրականացրած լիներ, որ նման պնդում աներ»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանը հորդորեց Սարոյանին վերագրվող հեռախոսազրույցի մասով փորձաքննություն պատվիրել ու պարզել, արդոք այն իրակա՞ն է, թե՞ ոչ։
«Կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն, ճիշտ կլինի, ինքն իր մեջ ուժ գտնի ու այդ ձայնագրությունն ուղարկի փորձաքննության, որպեսզի տեսնենք, այդ ձայնագրությանն ինքն առնչություն ունի՞, թե՞ չունի»,-ընդգծեց բանախոսը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ամենայն Հայոց կաթողիկոսը չի ցանկացել ծանոթանալ նախկինում Գևորգ Սրբազանի ձեռքին եղած եզրակացությանը, ապա Բաբայանը հայտնեց, որ Վեհափառն ասել է, որ այդ եզրակացությունը չէր կարող նրա ձեռքին լինել։
«Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետևաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան ու ծանոթանալ այդ եզրակացությանը»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանն ասաց, ինքը միջազգային փորձաքննության եզրակացություններն ուղարկելու է Վեհափառին ու Մայր Աթոռ։
Մանրամասն՝ տեսանյութում: