կարևոր
757 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 13:49
Հասարակություն

Սիվրիհիսարի հայկական եկեղեցու դիմացի ծառը կրակի է մատնվել

Սիվրիհիսարի հայկական եկեղեցու դիմացի ծառը կրակի է մատնվել

Հունվարի 16-ին, երեկոյան ժամերի միտումնավոր այրել են Սիվրիհիսար քաղաքի հայկական պատմական եկեղեցու դիմաց գտնվող պատմական ծառը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net -ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ կարճ ժամանակ անց հրդեհը նկատվել է, և հրշեջ ծառայության մեքենաներ են ժամանել դեպքի վայր։ Կրակը, շատ չանցած, մարվել է։

Դեպքի մասին մեկնաբանությամբ հանդես է եկել Սիվրիհիսարի քաղաքապետ Հաբիլ Դյոքմեջին։ Պատմական և մշակութային արժեքների հանդեպ այդ «տգեղ» հարձակումը դատապարտած քաղաքապետը, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մասնավորապես նշել է․

«Մեր համընդհանուր մշակութային ժառանգությունը հանդիսացող այս պատմական արժեքների և մեր բնության դեմ ուղղված այդ անընդունելի գործողությունը խորապես վշտացրել է բոլորիս։ Այդ գործողության հեղինակ անձանց դեմ պաշտոնապես հետաքննություն է սկսվել, որի գործընթացն անձամբ եմ հետևելու։ Երբեք աչք չենք փակելու այն վերաբերմունքի վրա, որի նպատակը մեր Սիվրիհիսարի պատմությանը, մշակույթին և համագոյակցության գաղափարին վնաս հասցնելն է»։

Հրապարակման վերջում թուրքական աղբյուրները հաղորդում են, որ աշխատանքներ են մեկնարկել՝ դեպքի հեղինակ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2024 թ․ մայիսին էլ անհայտ անձինք գրառումներ էին կատարել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու պատերին և փոսեր փորել այնտեղ։

Սիվրիհիսարի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ 1876 թ․ այստեղ բռնկված հրդեհի պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերականգնվել 1881 թ․՝ Պատրիարք Հայր Ներսես Վարժապետյանի օրոք։ Այն իր մեծությամբ երկրորդ վանական համալիրն է Արևմտյան Հայաստանի տարածքում։ Եկեղեցին նախկինում օգտագործվել է՝ որպես գոմաղբի պահեստ։

Մելինե Անումյան

www.akunq.net