կարևոր
49 դիտում, 4 օր առաջ - 2025-10-02 13:25
Հասարակություն

Վանի պատգամավորը մեջլիսում բարձրացրել է Վարագավանքի ավիրման հարցը

Վանի պատգամավորը մեջլիսում բարձրացրել է Վարագավանքի ավիրման հարցը

Թուրքիայում գործող Կանաչների ձախ քրդամետ կուսակցության (DEM)՝ Վանի պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայյիղիթը Վանի Վարագավանքի ավիրման խնդրի վերաբերյալ պաշտոնական հարցում է արել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Վանի պատգամավորը նախարարից պատասխան է պահանջել պատմական հուշարձանի ավիրման կապակցությամբ։

Այդ մասին, www.akunq.net –ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Տիկին Քաչմազ Սայյիղիթը 7-րդ դարի Վարագավանքի ավիրումից բացի անդրադարձել է նաև Վանի մյուս պատմական հուշարձանների վիճակին ու Մշակույթի և զբոսաշրջության նախարարից ընդհանուր տեղեկություններ պահանջել դրանց վերաբերյալ։

Պատգամավորը շեշտել է, որ իրավասուները պետք է գործի անցնեն Վանի ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման համար, և ընդգծել, որ պատմական հուշակոթողները մեծ նշանակություն ունեն Վան քաղաքում զբոսաշրջության զարգացման առումով։  

 Վանի պատգամավորը Մեհմեդ Նուրի Էրսոյին ուղղել է հետևյալ հարցերը․

· Տեղեկություններ կա՞ն Վանի՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող Վարագավանքի ավիրման մասին։

· Ինչու՞ չի կանխվում այդ ավիրումը։

· Վանքի պահպանման առնչությամբ որևէ որոշում կա՞, և առկայության դեպքում կյանքի կոչվո՞ւմ է։

· Մինչ օրս ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել վանքի պահպանման և վերականգնման ուղղությամբ։

· Առաջիկայում կոնկրետ քայլեր ձեռնարկվելու՞ են վանքի վերականգման ու պահպանման համար։

· Քանի՞ պատմական հուշարձան կա ամբողջ Վանում։ Դրանցից քանի՞սն են արձանագրվել, որոնք են չգրանցվածները, և ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում դրանց պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ վերջերս դարձյալ թուրքական մամուլում հրապարակումներ եղան, որ Վարագավանքը կործանման եզրին է, և որ տեղի բնակիչները իշխանությունների ուշադրությունն են հրավիրել այդ փաստի վրա։

https://www.van65haber.com/dem-parti-van-milletvekili-gulcan-kacmaz-sayyigit-vandaki-tarihi-felaketi-meclise-tasidi

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net