կարևոր
649 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 09:15
Հասարակություն

Ով է մեղավոր. իրավապահ կառույցները պատասխանատվությունը բարդում են միմյանց վրա. «Ժողովուրդ»

Ով է մեղավոր. իրավապահ կառույցները պատասխանատվությունը բարդում են միմյանց վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Փարաքարում, այնուհետեւ Սյունիքում եւ Արմավիրում հնչած կրակոցներն ու դրանց հետեւանքով առաջացած քրեածին լարվածությունը դարձյալ հստակեցրել են մեկ բան. իրավապահ համակարգի տարբեր օղակներ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն փորձում են մեղքը բարդել միմյանց վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ յուրաքանչյուր կառույց իր արդարացումն ունի։ Ոստիկանությունում վստահեցնում են, թե իրենք իրենց գործը հստակ կատարում են. «Մենք անմիջապես հայտնաբերում ու ձերբակալում ենք հանցանք կատարողին, տալիս ենք քննիչներին։ Եթե կալանավորելու փոխարեն ազատ են արձակում՝ դա այլ տիրույթ է, մենք ոչինչ չենք կարող անել»։

Իսկ քննիչները պնդում են հակառակը՝ հայտնելով. «Մենք դատարան ենք ներկայացնում կալանքի միջնորդություններ, սակայն դատարանները որոշում են այլընտրանքային խափանման միջոց կիրառել։ Արդյունքում՝ հանցագործները կրկին ազատության մեջ են հայտնվում»։

Երկու կառույցներն էլ պատասխանատվության խարանը դնում են դատախազության վրա՝ ընդգծելով, որ հենց դատախազությունն է պարտավոր դատարաններում ապահովել մեղադրանքի կուռ պաշտպանություն։

Դատախազության ներկայացուցիչները, սակայն, իրենց հերթին վստահեցնում են, որ բոլոր դեպքերում բողոքարկում են դատարանների որոշումները բոլոր վերադաս ատյաններում եւ գործում օրենքի սահմաններում։

Այսպիսով՝ ստեղծվել է փակ շրջան. ոստիկանները մատնանշում են քննիչներին ու դատարաններին, քննիչները՝ դատարաններին, դատախազությունը՝ վերադաս ատյաններին ու դատարաններին։ Իսկ մինչ իրավապահ մարմինները միմյանց ուղղված մեղադրանքների ու արդարացումների մեջ են, կրակոցներն ու սպանությունները շարունակում են ցնցել հանրությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկա օրերին կանդրադառնա նաեւ դատական իշխանության տեսակետին՝ հասկանալու համար, թե ինչու են հնչող կրակոցների հեղինակները կրկին հայտնվում ազատության մեջ»։