կարևոր
487 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-22 14:32
Աշխարհ

Իսրայելը հարված է հասցրել «նոր Սիրիային»

Իսրայելը հարված է հասցրել «նոր Սիրիային»
Իսրայելը, որը հայտարարել էր, որ չի լքի դրուզներին, սկսել է մի շարք հարձակումներ իրականացնել Սուեյդա եւ Դարաա նհանգներում եւ  Դամասկոսում, որտեղ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել գլխավոր շտաբի շենքին, պաշտպանության նախարարությանը եւ նախագահական պալատի մերձակայքին: Սա նշանակում է՝ Իսրայելի եւ Դամասկոսի միջեւ հրադադարի մասին գաղտնի բանակցությունները խափանվել են, եւ Դամասկոսի եւ Թել Ավիվի միջեւ անջրպետը մեծանում է: The Wall Street Journal պարբերականը նշում է՝ Դամասկոսի եւ այլ շրջանների վրա իսրայելական հարձակումները խորացնում են ճգնաժամը Սիրիայում՝ չնայած ռազմական գործողությունների դադարեցման շուրջ երկխոսությանը նոր ղեկավարության բաց լինելուն: Ընդ որում՝ ԱՄՆ-ը, որը քայլեր է ձեռնարկել Սիրիայի մեկուսացումը թուլացնելու ուղղությամբ, ներառյալ պատժամիջոցների վերացումը, հրապարակայնորեն Իսրայելին կոչ չի արել դադարեցնել իր հարձակումները: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Սիրիայի հարավում գտնվող Էս-Սուվեյդա շրջանում իրադարձությունների զարգացումն ահազանգ է դարձել նրանց, ովքեր մինչեւ վերջերս հավատում էին Դամասկոսում նոր քաղաքական իրողության հետ Իսրայելի պրագմատիկ մերձեցման հնարավորությանը:

«Ճգնաժամի կենտրոնում հայտնվել է ահմեդ աշ-շարաան՝ նախկին ջիհադական ճակատի առաջնորդը, որն այժմ ձգտում է չափավոր կառավարչի դերում հանդես գալ: Նրանք նշում են, որ կարծես թե աշ-շարաան ինչ - որ բանի է հասել՝ նրան հաջողվել է ստանալ արեւմտյան մի շարք վերլուծական կառույցների գաղտնի աջակցությունը, երկխոսության ուղիներ ստեղծել Թուրքիայի եւ Պարսից ծոցի պետությունների հետ, ինչպես նաեւ ազդանշաններ հաղորդել ընդհանուր հակառակորդի ՝ շիական Հեզբոլլահի դեմ պայքարում Իսրայելի հետ հնարավոր համակարգման մասին: Այնուամենայնիվ, դրուզյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ հարված էին նրա հեղինակությանը եւ հենց «նոր Սիրիա» նախագծին», - նշում է Տարասովը:

Որոշ տվյալներ թույլ են տալիս ենթադրել՝ էս-Սուվեյդայում գործողությունն ուղղակիորեն չի արտոնվել Դամասկոսի կողմից, այլ հետեւանք է եղել դաշտային հրամանատարների չափազանց մեծ նախաձեռնության, որոնցից շատերը նախկինում արմատական ջիհադական խմբավորումների մեջ էին: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե դա այդպես է, վերահսկողության բացակայության փաստն ինքնին վկայում է նոր ռեժիմի կառուցվածքային լուրջ թույլ կողմերի մասին, շարունակում է Տարասովը:

Նա հիշեցրել է՝ Սիրիայի դրուզական համայնքը միշտ ասոցացվել է սիրիական պետության հետ եւ մասնակցել նրա պաշտպանությանը:

«Ընդ որում, այն աչքի է ընկնում ներքին ինքնավարության բարձր աստիճանով եւ արտաքին ճնշմանը ենթարկվելու դժկամությամբ: Այդ պատճառով դրուզյան շրջաններին բռնի վերահսկողություն պարտադրելու փորձը Սիրիայի նոր կառավարության համար կարող է ռազմավարական սխալ լինել՝ ոչ միայն հավանական զինված դիմադրության, այլեւ «հաշտարարի» կերպարի ոչնչացման պատճառով, որը նա ձգտում է մշակել», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի