կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-08 17:05
Իրավական

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը հաղթեց Ռոմանոս Պետրոսյանին

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը հաղթեց Ռոմանոս Պետրոսյանին

««Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ շրջակա միջավայրի բախարար Ռոմանոս Պետրոսյանի» դատական գործն ավարտվել է հօգուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանի։ Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը՝ Գաբրիելյանին վերականգնել պաշտոնում, վճարել նրա պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Նախարարությունը պետք է վճարի Լեւոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 հազար դրամ եւ 8 հազար դրամ՝ պետտուրք։

«Թե նկատողությունները, թե՛ աշխատանքից ազատելը անհիմն էին։ Ինձ մեղսագրվում էին արարքներ, որոնք իրականությանը չէին համապատասխանում, ես դրանք չէի կատարել, շատ դեպքերում, հակառակը, իմ նշած խնդիրների ուղղությամբ հսկայածավալ աշխատանք էր կատարվել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Լեւոն Գաբրիելյանին անցած տարի օգոստոսին տվել է խիստ նկատողություն՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով չկատարելու համար, բայց այդպես էլ չէր հիմնավորել, թե ի՞նչ պարտականություններ չեն կատարվել։

«Առաջին խիստ նկատողությունը վերաբերել է նրան, երբ «Զիկատար» բնապահպանական կենտրոնը միացել է մեր ՊՈԱԿ-ին, էդ ժամանակ կառավարության որոշմամբ պետք է տեղի ունենար նոր կանոնադրության հաստատում։ Մի քանի անգամ դիմել ենք, որպեսզի առաջարկվող կանոնադրության տարբերակը հաստատեր արդարադատության նախարարության վարչություններից մեկը, երկու անգամ մերժում է եղել, դրա մեջ փորձել են մեղադրել ինձ, բայց իրականությունն այլ է»,- ասաց Գաբրիելյանը։

Նա բազմիցս դիմել է կանոնադրության փոփոխություններով, բայց չեն հաստատել, այլ հաստատել են իրենցը, հետո մեղադրել են Գաբրիելյանին։ Այսինքն՝ շրջակա միջավայրի նախարարը մեղադրել է, տվել նկատողություններ եւ ազատել պաշտոնյային՝ առանց իմանալու իրականությունը, այսինքն՝ նախարարն ինքն է թերացել իր աշխատանքում եւ, բառի բուն իմաստով, գլուխ չի հանել իր պարտականություններից։ Անցած տարվա նոյեմբերի 30-ին, տարվա ընթացքում ունենալով 2 կարգապահական պատասխանատվության հիմք, Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատում է Լեւոն Գաբրիելյանին։ Այնինչ Գաբրիելյանը պարտականությունները կատարել է ժամանակին եւ պատշաճ։

«Բոլոր փաստաթղթերով ենք ապացուցել, որ կատարել ենք պատշաճ գործողություններ։ Ապացուցողական բազան էնքան մեծ էր, դատական պրոցեսը շատ նորմալ է ընթացել, դատական պրոցեսը երկարեց, որովհետեւ իրականում ուսումնասիրելու շատ գործ կար»,-Yerkir.am-ին հայտնեց շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանը։

Դատավոր Գրիգորի Վարդանյանն ամբողջությամբ բավարարել է Լեւոն Գաբրիելյանի ու փաստաբանական խմբի պահանջները եւ նախարարությանը պարտավորեցրել վերականգնել ՊՈԱԿ-ի տնօրենի իրավունքները։

Սա Փաշինյանի իշխանության ձեռագիրն է․ հիշեցնենք, որ այսպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Փաշինյանի վայ-իշխանավորները մարդկանց անհիմն կամ ծիծաղելի  պատճառաբանություններով ազատում են աշխատանքից, իսկ նրանցից շատերը դիմում են դատարան։ Դատարանն էլ իր հերթին գերատեսչություններին պարտավորեցնում է՝ անհիմն ազատված մարդկանց վերականգնել աշխատանքի, փոխհատուցել վնասը։

Փաշինյանի իշխանությունն աշխատակիցներից ազատվում է՝ ելնելով նաեւ նրանց քաղաքական հայացքներից։ Հիշեցնենք, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանը ՀՅԴ անդամ է և չի կիսում ներկայիս դավաճան իշխանության քաղաքական ուղեգիծը։