կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 19:44
Հասարակություն

Առուշանյանին կալանքից ազատած դատավորի գործուղման ժամկետը Սյունիքի մարզ ավարտվել է

Առուշանյանին կալանքից ազատած դատավորի գործուղման ժամկետը Սյունիքի մարզ ավարտվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղման ժամկետն ավարտվել է։ ԲԴԽ-ն չի երկարացրել Գնել Գասպարյանի գործուղման ժամկետը, հետևաբար, Գնել Գասպարյանը կտեղափոխվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գնել Գասպարյանը կշարունակի աշխատանքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում։ 

Հիշեցնենք, որ 2019թ փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով Գնել Գասպարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2021թ հոկտեմբերին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն այդ ժամանակ Գասպարյանը Երևան չտեղափոխվեց՝ պայմանավորված իր վարույթում քննվող քրեական գործերով։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը Գասպարյանին 2021թ հոկտեմբերի 8-ից մինչեւ 2022թ ապրիլի 8-ը ներառյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու որոշում էր կայացվել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնվող գործերը քննելու նպատակով։ Նշենք, որ Գնել Գասպարյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որի դատաքննությունն ավարտվել է։ Դատավճռով Առուշանյանը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով նրա կրած կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել, Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս փոխվել է, ինչից հետո Առուշանյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից։ Միևնույն ժամանակ դատարանը որոշել էր Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Ընդ որում, Առուշանյանն արդարացվել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով։

Հենց այս դատավճռից հետո մասնագիտական հանրությունում և մամուլում մտահոգություններ շրջանառվեցին, համաձայն որի՝ դատավորը կարող է թիրախավորվել ԲԴԽ-ի կողմից և որ գործուղման ժամկետը կարող էր երկարացվել։

Աղբյուրը՝ Փաստինֆո