կարևոր
568 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 22:12
Քաղաքական

Այսօր կատարվածը «Рейдерский захват» էր․ բոլոր հնարավոր ճանապարհներով պայքարելու ենք ՀԷՑ-ի համար․ Դավիթ Ղազինյան

Այսօր կատարվածը «Рейдерский захват» էր․ բոլոր հնարավոր ճանապարհներով պայքարելու ենք ՀԷՑ-ի համար․ Դավիթ Ղազինյան

Այն, ինչ այսօր կատարվեց Կառավարության նիստում, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քան երկու բառով՝ «рейдерский захват»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով Կառավարության նիստում ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշմանը։

Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ են ճանաչվել։

«Երկրորդ հանգամանքը, որ շատ կարևոր է, ներդրումների ներգրավումն է։ Եթե չեմ սխալվում, նախորդ տարի արտաքին ներդրումները 90 միլիոն են եղել․ սա չափազանց փոքր գումար է ու կապ ունի իրենց կատարած այս գործողությունների հետ։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ դրսից որևէ կորպորացիա կամ ընկերություն այստեղ ներդրում կատարի։ Ինչպես գիտեք, մեծ կորպորացիաները մեծ ներդրում անելուց առաջ ուղարկում են իրենց իրավաբաններին՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու։ Հիմա պատկերացրեք՝ ուսումնասիրում են, գնում, ասում են՝ գիտեք, քիմքին ոչ հաճելի միտք արտահայտելու համար միլիարդանոց ակտիվը խլում են։ Դրանից հետո ո՞վ կգա այստեղ ներդրում կատարելու»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս գործընթացի քաղաքական բաղադրիչն ակնհայտ է, ու սա վնասելու է երկրի ներդրումային միջավայրի գնահատմանն ու առհասարակ երկրի վարկանիշին։

Նա ընդգծել է, որ առաջին փուլում Կառավարությունը փորձել է պայմանավորվածության գալ, սակայն իրենք համաձայնության չեն եկել։ «Մենք չեկանք համաձայնության, որովհետև ծիծաղելի թիվ էին առաջարկել, և, ըստ մեզ, գնահատումն արվել էր ոչ օբյեկտիվ։ Իրենք, եթե չեմ սխալվում, պետք է փոխհատուցեին 400 000 դոլարի կարգի, բայց այնտեղ մանիպուլյացիա են արել, որ իբրև սեփականատերը շահաբաժին է ստացել։ Բայց եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ լրիվ իրավական հունով է գնում, իրենք պետք է գնահատումը հանձնարարեն կամ պայմանագրով տան աշխարհահռչակ, օբյեկտիվ գնահատողի։ Ամենայն հարգանքով, ես չեմ կարծում, որ Հայաստանում կա այդպիսի գնահատող ընկերություն, որը կարողանա այս ակտիվը գնահատել՝ հաշվի առնելով մեծությունն ու կարևորությունը։ Եթե օբյեկտիվ գնահատվեր, մոտավորապես գին պետք է սահմանվեր 800 միլիոնից 1 միլիարդ դոլար։ Իմ կանխատեսմամբ՝ տալու են մի տեղական ներդրողի՝ վախեցնելով, ճնշելով, որ իրենց ուզած թիվը նորից ստանան, բայց գործընթացն ամբողջությամբ հակաիրավական է»։

Ղազինյանը նաև ընդգծել է, որ այս պահին ընթացքի մեջ են թե՛ տեղական դատարաններում, թե՛ Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործերը։

«Այս պահին Վարչական վերաքննիչ դատարանը քննում է լիցենզիայից զրկման հարցը։ Առաջին ատյանը 6 կետից 4-ն անօրինական է ճանաչել․ իրենք գնացել են Վերաքննիչ վարչական, ասում են՝ ինչո՞ւ եք հանել, մենք գնացել ենք Վերաքննիչ վարչական, ասում ենք՝ ամբողջը պետք է հանվի։ Այսինքն՝ լիցենզիայից զրկելու որոշումն անօրինական ճանաչելու գործը դեռ քննվում է։ Մենք գործ ունենք իրավական անօրինականության («բեսպրեդելի») հետ։

Կառավարությունն առանց դատարանի որոշմանը սպասելու նման որոշում է կայացնում։ Հիմա մի պահ պատկերացրեք, որ Վարչական դատարանը որոշում է, որ մնացած երկուսով ևս լիցենզիայի զրկումն անօրինական է․ ստացվում է, որ ավտոմատ ՀԷՑ-ը հետ է գնում սեփականատիրոջը։ Իրենք էլ այդ ընթացքում կամ վաճառած են լինում, կամ հավատարմագրային կառավարման հանձնած։ Ի՞նչ է լինում այդ դեպքում։ Պետությունը սարքել են իրենց «դուքանը»։ Ինչ ուզում՝ անում են առանց մտածելու։ Իշխանությունը պահելու համար իրենք պետություն են ոչնչացնում, անլրջացնում, քանի որ այդ դեպքում նոր սեփականատերը կամ կառավարիչը ՀՀ-ի դեմ մեծ հայցերով մտնելու է միջազգային դատարաններ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։