Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 428.4 |
RUB | ⚊ | ₽ 4.447 |
GBP | ⚊ | £ 509.72 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վազգեն Սարգսյանն ապրեց ընդամենը 40 տարի, բայց իր կարճ կյանքի ընթացքում կարողացավ նշանակալի ազդեցություն ունենալ Հայաստանի պատմության վրա։ Նրա թողած ժառանգությանն ու անցած ուղուն է նվիրված «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը, որը մեծ էկրան բարձրացավ հենց նրա ծննդյան օրը՝ «ԿինոՄոսկվա»-ում։
Սարգսյանի մանկության պատմություններից մեկը գրեթե ողբերգական ավարտ էր ունեցել. փոքրիկ Վազգենի կյանքը վտանգվել էր, երբ նա կոկորդում եգիպտացորենի հատիկ էր խեղդել։ Արարատի հիվանդանոցում նրան մահացած էին համարել, սակայն ծնողները նրան հասցրել էին Երևան, որտեղ բժիշկները հրաշքով փրկել էին նրա կյանքը։
Ֆիլմում ներկայացված են բացառապես իրական դեպքեր, առանց գեղարվեստական մտացածին դրվագների։ Նույնիսկ Վազգենի կոկորդին մնացած փոքրիկ սպին վկայում է այդ պատահարից հետո կատարված վիրահատության մասին։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը պատմում է, որ բժիշկները Վազգենին իսկապես մահացած էին համարել, սակայն նրա մարմինը դեռ թույլ շնչառություն ուներ, ինչը հնարավորություն տվեց փրկել նրան։
Սարգսյանի կյանքի ուղին ներկայացվում է մանկությունից մինչև նրա քաղաքական գործունեությունը․ երբ խեղդվող փոքրիկը դառնում է աշխույժ տղա, ապա՝ նվիրված հայրենասեր, զինվորական ու պետական գործիչ։ Նկարահանման թիմը մանրամասն անդրադարձել է նրա կյանքի տարբեր փուլերին՝ մանկական խաղերից մինչև պատերազմական տարիներ, նախարարի խիստ դիրքորոշումից մինչև մոր հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Ֆիլմի ամենաէմոցիոնալ պահերից են նրա այցելությունները զոհված զինվորների մարմինների մոտ, ընկերոջ մահվան ցավալի տեսարանը, ինչպես նաև եղբոր որդու՝ Կառլենի հետ զրույցները։ Մի տեսարանում նա մայրամուտին դաշտային ծաղիկներ է հավաքում մոր համար, ինչը բացահայտում է նրա մարդկային կողմը։
Չնայած ֆիլմում առկա է Վազգեն Սարգսյանի սպանության տեսարանը, այն ավարտվում է հույսով ու հավատով։ Պրոդյուսեր Նոնո Սարգսյանը նշում է, որ իր հորեղբայրը երբեք չէր ցանկանա, որ իր մասին ֆիլմ նկարահանեին, բայց վստահ է՝ նրա գործը երբեք չի մոռացվի։
Դերասան Խորեն Լևոնյանը, որը մարմնավորում է Վազգեն Սարգսյանին, ֆիլմի պրեմիերայից հետո կիսվել է իր տպավորություններով։ Նրա խոսքով՝ ֆիլմի հիմնական ուղերձը պարզ է՝ սեր հայրենիքի նկատմամբ։
«Ֆիլմը մեզ հիշեցնում է մեր անցյալի սխալները, որոնցից պետք է դասեր քաղենք։ Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորելը ինձ համար մեծ պատասխանատվություն էր։ Ես չէի ցանկանում պարզապես կրկնօրինակել նրան, այլ փորձել փոխանցել նրա ուժը, աշխարհայացքը, սկզբունքները»,- նշել է Լևոնյանը։
Դերասանը նաև ընդգծել է, որ մշակույթն առանցքային դեր ունի ազգային ինքնության ձևավորման գործում. «Մեր հաղթանակների գլխավոր պտուղը պետք է լինի այն, թե ինչ մշակույթ ենք փոխանցում սերունդներին։ Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը և շատ այլ նվիրյալներ մեծացել են հայրենասիրական ֆիլմեր դիտելով, որոնք նրանց ոգեշնչել են։ Իսկ այսօր մենք այդպիսի ֆիլմերի պակաս ունենք»։
«Վազգեն. վերջին սպարապետը» ոչ միայն անդրադառնում է անցյալին, այլև հանդիսատեսին ստիպում է մտածել ապագայի մասին։ Այս ֆիլմը հիշեցում է, որ Վազգեն Սարգսյանի նման հերոսներն ապրում են ոչ միայն իրենց կատարած գործերով, այլ նաև նրանց գաղափարներն ապրող մարդկանց սրտերում:
Սյուզի Դավթյան