կարևոր
568 դիտում, 14 ժամ առաջ - 2025-02-11 15:45
Իրավական

Կարեն Հակոբյանին աբսուրդ մեղադրանքով հետապնդում են, ՀՀ-ն ինչո՞վ պետք է գրավիչ լինի գործարարներին. փաստաբան

«Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվում աբսուրդային մեղադրանքներով , ինչպես՝ Կարեն Հակոբյանի գործն է։ Գործարարներին կամ ստիպում են անարդարացիրորեն գումարներ վճարել , կամ այլ ակնկալիքներ ունեն, և այս պայմաներում հարց է առաջանում՝ Հայաստանն ինչո՞վ պետք է գրավիչ լինի գործարարների համար, որպեսզի ներդրումներ անեն»,-այս մասին  Yerkir.am-ի տաղավարում  ասաց Կարեն Հակոբյանի փաստաբան  Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Կարեն Հակոբյանի անձնական ազատության իրավունքի խախտան փաստով ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել։

Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված արարքն իբրև կատարելու համար: Մեղադրանքի հիմքում դրված է բացառապես այն հանգամանքը, որ գործարար Կարեն Հակոբյանը ձեռք է բերել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ ընկերության 12․5 տոկոս բաժնետեր հանդիսացող ընկերության 20 տոկոս բաժնեմասերը։ Ըստ մեղադրանքի մինչև Կարեն Հակոբյանի կողմից այդ բաժնեմասերը ձեռք բերվելը դրանք իբրև թե ունեցել են հանցավոր ծագում և Կարեն Հակոբյանն իբրև թե իմացել է դրա մասին։ Այսինքն մեղադրանքը հիմնված է վարկածի, այլ ոչ օբյեկտիվ տվյալների հիման վրա:

Կարեն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ, ինչպես փաստաբանական թիմն է նշում,  մինչև այդ բաժնեմասերը ձեռք բերելը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չի ունեցել այդ բաժնեմասերի ծագման կամ դրա հիմքում ընկած իրադարձությունների հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ բաժնեմասերի «ծագումնաբանության» մասին։ Խնդրո առարկա բաժնեմասերի ձեռք բերումը եղել է բացառապես ձեռնարկատիրական տրամաբանության շրջանակներում։