կարևոր
1735 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 16:03
Հասարակություն

Սա ծիծաղելի է, անընկալելի, սա կանխել է պետք․ Գվիդոն Մատինյանի բաց նամակը՝ Փաշինյանին

Սա ծիծաղելի է, անընկալելի, սա կանխել է պետք․ Գվիդոն Մատինյանի բաց նամակը՝ Փաշինյանին

Բաց նամակ վարչապետին

Ձեզ եմ ներկայացնում Ագրարային համալսարանի մասին իմ մտահոգությունները, որոնք բազմաթիվ անգամ հնչեցրել եմ տարբեր եթերներով:

ա) Սույն թվականի հոկտեմբերի 29-ին Ձեր ստորագրությամբ համալսարանը ստացել է որոշման նախագիծ` հիմնավորումների հետ միասին, 2-րդ մասնաշենքի կեսը Ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին: Նույն օրը ստացվել է նաեւ ԿԳՄՍ նախարարի նամակը, որով բուհից կարծիք էր հայցում այդ որոշման նախագծի մասին: 
Համալսարանը, վաղօրոք տեղյակ լինելով 2-րդ մասնաշենքի՝ Ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին, դեռեւս 28.08.2024թ. գրավոր կարծիք է հայտնել ԿԳՄՍ նախարարին` հիմնավորելով, որ տարածքը վերցնելը կխաթարի բուհի բնականոն գործընթացը: ԿԳՄՍ նախարարը նորից կարծիք է հայցում` արդեն ունենալով կարծիք: Անհասկանալի է: 
Բուհի կոլեկտիվը, 400-ից ավելի աշխատակիցներով, 31.10.24թ.՝ կառավարության նիստի օրը, ցույցի է դուրս եկել կառավարության շենքի դիմաց եւ, որոշման դեմ անհամաձայնություն հայտնելով, հիմնավորումներ ուղարկել Ձեզ:

Հենց նույն օրվա կառավարության նիստում կայացել է որոշումը` շենքի կեսը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու մասին: Կառավարության նման որոշումները ձեւավորվում եւ հաստատման են ներկայացվում ամիսների ընթացքում: Ինչպե՞ս կարելի է նման անհարգալից վարվել պետական բուհի ողջ կոլեկտիվի հանդեպ: Արդեն պատրաստ եւ հաստատման ներկայացված որոշման վերաբերյալ կարծիք եք հայցում որոշում կայացնելուց մեկ օր առա՞ջ:
Նման վերաբերմունքը, հաստատ, վայել չէ պետական համակարգին եւ նրա գործելաոճին: 
Ագրարային համալսարանի 3-րդ եւ 4-րդ մասնաշենքերը նախորդ իշխանություներն արդեն վերցրել եւ տրամադրել են ԲԴԽ-ին` բուհին պատճառելով շատ մեծ վնաս եւ կրթական անհարմարություններ:
Ֆրանսիական համալսարանին ուրիշ տարածք չկա՞ տրամադրելու, թե՞ դա պետք է լինի անպայման Ագրարային համալսարանը քանդելու գնով:

Սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հեռակա բաժին է ընդունվել 500-ից ավելի ուսանող, որովհետեւ, վերջապես, փոխվեց կարգը, եւ թույլ տրվեց քոլեջ ավարտածներին՝ առանց ընդունելության քննության դառնալ ուսանող: Նրանց առկայությունն արդեն կայացած փաստ է, եւ դա անհնար է դարձնում կրթական պրոցեսի կազմակերպումը առանց 2-րդ մասնաշենքի, որը մեր հիմնական եւ հագեցած լսարանային ֆոնդն է: 
Այս նոր հանգամանքն անհրաժեշտություն է առաջացնում՝ վերանայելու տարածքը վերցնելու որոշումը:
բ) Նախկին ռեկտորի կառավարման ժամկետը լրացավ 2023թ. դեկտեմբերին: Արդեն 12 ամիս է՝ բուհը չունի ռեկտոր: Պարտականությունները կատարում է նախկին ռեկտորի նշանակած ուսումնական գծով պրոռեկտորը:
2024թ. սեպտեմբերի 11-ին քրեական վարույթ է սկսվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ նախկին ռեկտոր պարոն Ուռուտյանի 2019-2023թթ. կառավարման ժամանակ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի վստահված գույքի հափշտակություն կատարելու կասկածանքով` 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: 

Մեծարգո վարչապետ, հանրապետությունից Ձեր բացակայության ժամանակ՝ հոկտեմբերի 4-ին, փոխվարչապետ Մ. Գրիգորյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը փոփոխություն է կատարել բուհի հոգաբարձուների խորհրդի իր հասանելիք 5 տեղերից 4-ում: Փոփոխվածներից մեկը պարոն Վարդան Ուռուտյանն է:
Սա անընկալելի է:

Չէ՞ որ Դուք թույլ չտվեցիք առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարներին, Պետական վերահսկողական ծառայության պետին՝ քրեական վարույթի պայմաններում շարունակել պաշտոնավարումը: Նույն բուհում, որտեղ նրա կառավարման շրջանի վերաբերյալ ընթանում են քննչական գործողություններ, նշանակել հոգաբարձուների խորհրդի անդամ նույն ռեկտորին՝ այն դեպքում, երբ նրա նշանակած չորս պրոռեկտորներ շարունակում են պաշտոնավարել, հաստատ կխանգարի օբյեկտիվ քննչական գործողություններին: 
Ի՞նչ պատկերացում կազմի կառավարության մասին ողջ կոլեկտիվը: 
Սա ծիծաղելի է, անընկալելի:
Սա կանխել է պետք: 
գ) Ագրարային համալսարանը 2012-ից ուսանողներին համալրել է առանց ընդունելության քննությունների, որն ունի հիմնավոր բացատրություն: 2020-ից այդ արտոնությունը վերացվեց: Միայն «Մաթեմատիկա» առարկայից 8 բալ հավաքելու համար դիմորդը պետք է վճռի 32 վարժություն` յուրաքանչյուրը 0.25 միավորով: Գյուղական շրջանների ավագ դպրոցը, ցավոք սրտի, չի տալիս նման գիտելիք: Մեր դիմորդները չունեն միջոց, եւ չկա նաեւ կրկնուսույց, որ պարապեն եւ հաղթահարեն ԳԹԿ-ի այս բարիերը:
Վեց տարի է՝ կառավարության այս ոչ ճիշտ որոշմամբ փակվել են մեր բուհի դռները առկա եւ հեռակա ուսուցման համար. բուհը, ըստ էության, դարձել է քոլեջ:
2024-ին առկա ուսուցմամբ ընդունվել է 62 ուսանող, որոնցից 44-ը` տնտեսագիտական մասնագիտություններում: Բուն գյուղատնտեսական 16 մասնագիտությունների համար ընդունվել է 18-ը: Այսպես է արդեն 6 տարի: Սա ի՞նչ է, եթե ոչ բուհի վերացում: Սա պետական հանցավոր բացթողում եւ անտարբերություն է: Եթե այսպես շարունակվի, ակադեմիական քաղաք տեղափոխելու ոչինչ չի մնա, բացի քոլեջը: Այս տարվա հեռակա ուսուցման համար միայն քոլեջ ավարտածներին տրվեց հնարավորություն` ընդունվելու առանց քննության, եւ ընդունվեց 500-ից ավելի ուսանող: Սա խոսուն փաստ է եւ ապացուցում է. Ագրարային համալսարանը մնում է գրավիչ, եւ ընդունելության քննություն մտցնելը 2020-ից եղել է կոպիտ սխալ:
2025թ․ բուհերի ընդունելության կարգում Ագրարային համալսարանի արտոնյալ ընդունելության կարգը վերականգնել է պետք` գյուղական շրջանի դիմորդներին նպատակային ուսուցման առանձնակի տեղեր հատկացնելով: Պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այսքան հարուստ փորձով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պետք է փրկել: Համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսակամն կազմը խնդրում եւ պահանջում է` արդարամիտ որոշում կայացնել եւ պահպանել բազմաթիվ տասնամյակներ կրթության ոլորտում թրծված ու մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող այս կրթական դարբնոցը:
Իմի բերելով`
- Պետք է կանխել 2-րդ մասնաշենքի կեսը բուհից վերցնելու որոշումը:
- Ագրարային համալսարանի պրոֆեսորական կազմից նշանակել նոր ռեկտորի պաշտոնակատար:
- Էապես փոփոխել հոգաբարձուների խորհրդի կազմը:
- Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից կազմակերպել ռեկտորի ընտրություն:
- 2025-ից վերականգնել առանց ընդունելության քննության ավագ դպրոցի շրջանավարտներից ուսանողների համալրումը` առկա եւ հեռակա բաժիններում:
Ասում եք, որ հայրենիքը պետությունն է: Ագրարային համալսարանը պետության մի մասն է:

Գվիդոն Մատինյան 

Ագրարային համալսարանի ֆիզիկայի դասախոս