Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Դատական ու օրենսդիր համակարգերում կիրակի ուշ գիշերը սկսված ցնցումներից ու դրանից հետո գրանցված հետցնցումներից հետո, իշխանականները դեռևս չեն կարողանում ուշքի գալ: Երեկ ու այսօր հայտնի դարձան մի շարք անուններ, որոնք փոխարինելու են գալիս պաշտոնանկ եղած «նախկիններին»:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի նկատառում արեց տեղի ունեցողի մասին: Հիշեցրեց փաշինյանական իշխանության հայտնի խոսույթներից մեկը, թե Հայաստանում զանգովի արդարադատություն չկա:
«Զանգովին չգիտեմ, բայց sms-ով արդարադատություն հաստատ կա»,- ասաց նա:
Քաղաքագետը մեկ այլ կարևոր կետ առանձնացրեց. ԲԴԽ-ն, ֆորմալ առումով, անկախ իշխանական մարմին է: Սրա համատեքստում ինչո՞ւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց. հարցրեց Մաթևոսյանը:
«Միգուցե մենք մի օր էլ իմանանք, թե ի՞նչ բովանդակություն ուներ այն sms-ը, որ Անդրեասյանին է հասցեագրվել: Սա էլ իր հերթին նշանակում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է sms-ով ԲԴԽ ղեկավար նշանակել կամ էլ հեռացնել, ապա կկարողանա որոշում կայացնել այս կամ այն դատական գործի վերաբերյալ, այդպես չէ՞»,- ասաց նա:
Քաղաքագետը հիշեցրեց, որ մեր երկիրը, կառավարման իմաստով, խորհրդարանական է: Մեր երկրում հենց պատգամավորներն են ընտրում վարչապետին, հնարավորություն տալիս կառավարել երկիրը:
«Ինքն իր խմբակցության անդամներին ընդունում է որպես ուսապարկեր: Մի օր ուսապարկը կարող է ԱԺ-ում կոճակ սեղմել, մյուս օրն էլ դուրս գալ աշխատանքից»,- ընդգծեց քաղաքագետը հիշեցնելով, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը փորձում էր իշխանափոխություն անել, շահարկում էր Մոնթե Մելքոնյանի արտաքին կերպարը…:
Այստեղ քաղաքագետը շեշտեց՝ նմանակելով Արցախի հերոսին, Փաշինյանը 2018-ից սկսած այնպիսի քայլերի է դիմել, որոնք ուղիղ կերպով հակասում էին Մելքոնյանի կերպարին ու նրա թողած ժառանգությանը:
«Ինքը Մոնթե Մելքոնյանի կերպարին նմանակելով ոչնչացրեց Արցախը, հիմա էլ երիտասարդ ու սափրված ղեկավարի տեսքով էլ անում է այն, ինչն Արցախի հետ արեց»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ չբացառելով, որ քաղաքական այս ցնցումները նոր քաղաքական ցիկլի մեկնարկի ակնարկ կարող են լինել:
«Այն մարդիկ, որոնք վերջին օրերին ազատվել են իրենց պաշտոններից, «լավ են պրծել»: Ես չեմ բացառում այն, որ մոտակա ամիսների ընթացքում որոշակի քրեական գործեր կբացվեն ՔՊ-ականների կամ կառավարության անդամների դեմ, բայց արդեն կալանավորման դեպքերով», - եզրափակեց Մաթևոսյանը: