կարևոր
796 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-28 11:48
Հասարակություն

«Բախտի տերը». միստիկ կինոկատակերգության պրեմիերան Երևանում

«Բախտի տերը». միստիկ կինոկատակերգության պրեմիերան Երևանում

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացավ «Sharm Pictures» և «Mitoyan Production» ընկերությունների համատեղ արտադրության «Բախտի տերը» գեղարվեստական կինոկատակերգության պրեմիերան։

Ռեժիսոր Գրիգ Վահրամյանի նկարահանած այս ֆիլմը պատմում է Ժանետ և Անետ քույրերի մասին, ովքեր հայկական հեռավոր Մացառուտ գյուղի պայծառատես տատիկի թոռնուհիներն են։ Քույրերի կյանքը գլխիվայր է շուռ գալիս, երբ տատիկը մահանալիս իր շնորհը փոխանցում է նրանցից մեկին՝ դնելով նրանց ճակատագրական ընտրության առաջ։ Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը նշել է, որ նախագիծը կարևոր է ամբողջ թիմի համար, և շնորհակալություն է հայտնեց ռեժիսորին՝ միստիկական տարրերն էկրանին վառ կերպով արտացոլելու համար:

«Ֆիլմի հաջողությունն ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է», - ասաց Միտոյանը։

Գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը վստահել է այս նախագիծը Գրիգ Վահրամյանին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական պատրաստվածությունը, իսկ պրեմիերային ներկա հանդիսատեսի՝ գործընկերների և ընկերների դրական արձագանքները, ըստ Ջաղինյանի, վկայում են աշխատանքի հաջողության մասին։

Դերասան Լևոն Հարությունյանը, ով մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին, կիսվել է նկարահանման հրապարակում իր փորձառությամբ։

«Ռեժիսոր Գրիգ Վահրամյանը այն քիչ ռեժիսորներից է, որը կարողանում է կերպարներին իր ձևով մոտեցնել, առանց ավելորդությունների։ Սկզբում դժվար էր ընդունել, բայց հետո հասկացա, որ նա ճիշտ էր, և երջանիկ եմ այս նախագծում աշխատելու համար»,- ասաց դերասանը։

Գլխավոր դերասանուհի Արփի Գաբրիելյանը, ով մարմնավորում է միանգամից երկու կերպար՝ Ժանետին և Անետին, խոսեց իր անհանգստությունների մասին. «Սկզբում շատ էի վախենում, քանի որ այս նախագիծը մեծ պատասխանատվություն էր։ Ժանետի կերպարն ինձ համար ծանոթ էր, բայց Անետը լրիվ նոր փորձառություն էր։ Հույս ունեմ՝ ստացվել է», - պատմեց նա։

Yerkir.am-ը տեղեկացավ նաև, որ «Բախտի տերը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 24-ին, Լոս Անջելեսում: Ստեղծագործական թիմը հույս ունի, որ ֆիլմը կսիրվի նաև ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից։

 

Սյուզի Դավթյան