կարևոր
5176 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-10 12:55
Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի  և Դեյվիդ Վալադաոյի  համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը:  

Մեկնաբանելով կոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մեր համայնքը, կոալիցիոն գործընկերները և Կոնգրեսի դաշնակիցները միավորված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների համար՝ սկսած Ալիևի կողմից Արցախի էթնիկ զտումից և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումից մինչև Հայաստանի տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանավորումն ու բռնությունը։ Նախագահ Բայդենը, ով զինեց Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությունը, այժմ պետք է ղեկավարի Արցախի հայերի անվտանգ և կայուն վերադարձի գլոբալ արշավը՝ միջազգային մանդատի ներքո, պաշտպանված միջազգային խաղաղապահների կողմից»:

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հայտարարությունը, որը համընկնում է այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման հետ, կոչ է անում Բայդենի վարչակազմին «ապահովել, որպեսզի Ադրբեջանը առերեսվի իր գործողությունների հետևանքներին և չխրախուսվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120․000 հայերի էթնիկ զտման համար»:

Նշվում է․ «Ամերիկան պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ Սա նշանակում է՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»:

Կոչը եզրափակվում է՝ նշելով. «Քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետևի է միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պատասխանատվությունը շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»:

 

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

10 07 2024թ