Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության 33-ամյակին: Այն նպատակ ուներ ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։
Ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, ՀՀ պետական և քաղաքական գործիչներ, հոգևոր և հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. ներկաները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Այնուհետև հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգները։
Միջոցառման բացումը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ տերունական աղոթքով:
«Սեպտեմբերի 2-ը մեր հավատավոր ժողովրդի հերոսական կամքի ու ազգային միասնականության հանդեպ անհատում հավատի հաստատված մի վկայություն է։ Արցախի հանրապետության անկախությունը մեր ժողովրդի ազատության ու խաղաղ երկնքի տակ ապրելու արդար բաղձանքի ամենավառ դրսևորումներից մեկն է, որն իր արժանի տեղն ունի Հայոց հազարամյա պատմության մեջ»,- ասաց նա:
«1980- ականների վերջին սկիզբ առած Արցախյան շարժումը, որը միտված էր խաղաղ կերպով, հավատարիմ մնալով մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին, հասնելու հայկական Արցախի մայր հայրենիքին վերամիավորմանը, ցավալիորեն Ադրբեջանի կողմից արժանացավ բռնությամբ լի արձագանքի։ Սակայն ազգիս անկոտրում կամքը թույլ չտվեց, որ մեր ժողովրդի իրավացի պահանջը ճնշվի․․․»։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ելույթում շեշտեց, որ Արցախի հարցը բնավ փակված չէ։
«Ազգային բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի պարտականությունն այսօր պետք է լինի Արցախի ժողովրդի Հայաստանում արժանապատիվ կյանքի իրավունքի կյանքն ապահովելը։ Արցախցի մեր եղբայրները չպետք է մայր հայրենիքում զգան որպես օտարներ, այլ՝ որպես լիիրավ քաղաքացիներ իրենց հայրենիքի»,- ասաց նա:
Հնչեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի ուղերձը:
Ելույթներով հանդես եկան Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Իր ելույթում Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը մասնավորապես ասաց․ «Դաշնակցությունը միշտ եղել է Արցախի կողքին, ինչպես նաև՝ այս ծանր օրերին ունենալով իր ուրույն և ազդեցիկ դերակատարությունը»։
Միջոցառման տարբեր հատվածներում մեծադիր էկրաններին ցուցադրվեցին աշխարհի տարբեր անկյուններից ստացված՝ Հայ դատի, հայ ժողովրդի և Արցախի բարեկամ խորհրդարանականների և պետական ու քաղաքական գործիչների ուղերձները՝ դրանց հեղինակների ընթերցմամբ: Դա ևս մեկ անգամ ամրագրեց այն քաղաքական պնդումը, որ իր իրավունքների համար պայքարում հայ ժողովուրդն ու արցախահայությունը միայնակ չեն:
Միջոցառումն ավարտվեց Արցախի Անկախության օրվան նվիրված համերգով: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Հայաստանի վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը, Արցախի պետական և ստեղծագործական երաժշտական խմբեր, անհատ կատարողներ:
Տեսանյութը՝ ստորև