Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի վերջին տասնօրյակում աշխատանքային այցերով Բելգիայում, Բրյուսելում, Նիդեռլանդներում եղած ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է՝ իր հանդիպումները ևս մեկ անգամ վերահաստատում են՝ Հայաստանի միջազգային գործընկերներին շատ դժվար է բացատրել, թե ինչպե՞ս է ստացվում, որ երկրին պատերազմ և պարտություն բերած իշխանությունը նորից վերընտրվում է։
«Դժբախտություն, պատերազմ, մահ բերած իշխանությունն ինչպե՞ս է կարողանում մնալ. սա դրսի մեր գործընկերներից շատերի համար անհասկանալի է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ խոշոր հաշվով այս հարցի պատասխանը գտնելը դժվար է հայաստանյան իրական ընդդիմության համար, որն իր բոլոր ռեսուրսներով 4 տարի շարունակ փորձում է երկիրն ազատել այս իշխանությունից։
«Պայքարում ենք, եթե կարողանայինք ժողովրդի լայն հատվածներին բացատել, թե ի՞նչ է մեզ սպասվում, այսօր այս իրավիճակում չէինք լինի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով՝ ընդդիմության համար պայքարի վերջնանպատակին հասնել չի հաջողվում, որովհետև իշխանությունը մի կողմից՝ հայ ժողովրդի կարողանում է խաբել և մոլորեցնել խաղաղության մասին կեղծ լոզունգներով՝ զուգահեռաբար Հայաստանին բերելով տարածքային կորուստներ, մյուս կողմից՝ ընդդիմության դեմ տեղեկատվական ահաբեկչական գործողությունների է դիմում։
«Մեկ օրում հերոսին դարձնում են դավաճան և հակառակը. մենք սրան հակակշռող համակարգեր դեռ չենք կարողացել ստեղծել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ըստ Սաղաթելյանի՝ այս ու այլ հարցերում արձանագրած թերացումներից ընդդիմությունը լուրջ հետևություններ է արել ու եկել ավելի արդյունավետ աշխատելու հրամայականին։
«Ճանապարհը մեկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց և ազատվել սրանցից՝ երկիրը դուրս բերելով այս իրավիճակից։ Այս պահին գոյություն ունի շարժում, որի առաջնորդ Բագրատ Սրբազանը խոսել է այն մասին, թե ինչ են պատրաստվում անել։ Առաջիկայում շատ ավելի կոնկրետ բաներ կասվեն»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաղթելյանը պայքարից դժգոհող և խորհրադարանական ընդդիմության աշխատանքը քննատատող քաղգործիչների համար ևս մեկ անգամ կրկնեց՝ զուր են պահանջում ընդդիմությունից վայր դնել մանդատները, որովհետև այդ պարագայում արտահերթ ընտրության անցկացումը երաշխավորված չի լինելու, ավելին՝ Փաշինյանը կարող է արտահերթ ընտրություն նշանակել բացառապես իրեն հարմար ժամկետում։
«Այնպես որ, Փաշիյանին է ձեռնտու, որ խորհրդարանում չլինի այս ընդդիմությունը։ Ասվածը, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ մենք մեր մանդատները վայր չենք դնելու։ Մի քանի ամիս առաջ ես ՀՅԴ-ի անունից հայտարարել եմ՝ Դաշնակցությունը չի՛ լինի այն խորհրդարանում, որը կվավերացնի Հայաստանի կապիտուլյացիայի պայմանագիրը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Վերջինիս փոխանցմամբ՝ խորհրդարանական ընդդիմության քննադատները քննադատելու փոխարեն՝ պետք է նպաստեն, որպեսզի ձևավորվի տեղեկատվական այնպիսի համակարգ, որը կհակակշռի այս իշխանության տեղեկատվական ահաբեկչությանը, ինչն էլ իր հերթին՝ կնպաստի ավելի բազմամարդ փողոցային պայքար ունենալուն։
«Նորերից որևէ մեկին մեր գրասենյակի պադվալում չեմ պահում։ Եթե ամեն մեծ-մեծ խոսացող 100 մարդ կարողանար հավաքել, շատ ավելի հեշտ կլիներ։ Բազկաթոռի վրա նստած չենք, մեր գործընկերները հայտնվել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ հարմար ընդդիմություն ենք, պետք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմությանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմությունից ավելի արդյունավետ աշխատելն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։