կարևոր
2335 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-16 09:50
Քաղաքական

Ի՞նչ բացահայտումներ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

Ի՞նչ բացահայտումներ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի ամիսներին «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը փաստացի հայտնվել է ոչ միայն հայկական, ռուսական, այլև արտերկրյա այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կարապետյանը գրեթե «նոն ստոպ» ռեժիմով հարցազրույցներ է տալիս: Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում նա պատասխանել է լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» պարբերականի և ռուսական «Իզվեստիա» թերթի հարցերին՝ մասնավորաբար անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմանը, 2020 թ. պատերազմին, Հայաստանի արտաքին քաղաքականության վայրիվերումներին: Ընդ որում, նաև մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել:

«Ալ-Ահեդի» լրագրողի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնեց Արցախը, դավաճանեց նրան: «Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն՝ հայտարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում, -ասել է պաշտպանության նախկին նախարարը և հավելել.- Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները»:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը նշել է, որ դեռևս 2018 թվականին ինքը միանշանակ կանխատեսել է, որ 2-3 տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի, որը «մենք կպարտվենք»: Պաշտպանության նախկին նախարարը նաև պատմել է, որ 2020 թ. հուլիսյան դեպքերից հետո ինքը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանը, իր համոզմամբ, արդեն իսկ պատերազմ սկսելու քաղաքական որոշում է կայացրել և 1-1,5 ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի: «Անձամբ ես առաջարկել եմ օգնության համար դիմել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Ցավոք, այդ գաղափարը որևէ արձագանք չստացավ: Ողբերգությունն այն էր, որ իշխող ուժի գերակշիռ մեծամասնությունը շատ աղոտ պատկերացում ուներ զինված ուժերի կարիքների մասին»,-ասում է Արշակ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարտության, Արցախի հայաթափման հարցում մեղադրում են Ռուսաստանին ու, ի մասնավորի, ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ խաղաղապահները որևէ կողմից չպետք է կռվեն, նրանք կոնֆլիկտի կողմ չեն: «Նրանք միջնորդի դերակատարություն ունեն: Երբ ես պաշտպանության նախարարն էի, տեսել եմ շատ կազմակերպված, կարգապահ կազմավորում՝ ի դեմս խաղաղապահների: Կարող եմ ասել, որ իրենց աշխատանքը նրանք լավ են կատարել: Ի մասնավորի, նրանց միջնորդությամբ քանիցս տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ներգրավվեր կոնֆլիկտի մեջ (խոսքը 2023 թվականի մասին է-խմբ.), իսկ պատերազմը շարունակվեր թեկուզ 2-3 օր, ապա խաղաղապահները օգնության կհասնեին: Դրա փոխարեն մենք տեսանք Ղարաբաղի ուղիղ հանձնում, իսկ մեղավորը, չգիտես ինչու, ռուսներն են»,-ասում է Կարապետյանը:

Լրագրողը նրան հարց է տվել նաև այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է այլ ռազմական գործընկեր գտնել, ինչին ի պատասխան Արշակ Կարապետյանը նշել է. «Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ: Ես նրան հիշեցրի, որ հայկական զինված ուժերը մասնակցում են ալ յանսի մի շարք խաղաղապահ առաքելություններին, նման պայմաններում ինչո՞ւ է ռազմական դաշինքն օգնել Թուրքիային, որը Ադրբեջանի թիկունքին է եղել: Գիտե՞ք, թե նա ինձ ինչ պատասխանեց: Ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ու նրա հետ «թարսվել» ոչ ոք չի ցանկանում: Ստացվում է՝ անհեթեթ վիճակ. մեր երկիրը փորձում է մերձենալ նրանց հետ, որոնք շատ թանկ են գնահատում մեր հակառակորդների հետ իրենց համակրանքները: Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանության սահմաններից դուրս է»: