կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 21:36
Քաղաքական

PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։ Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։

Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին, ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։