Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի 58-րդ Շրջանային ժողովը տեղի ունեցաւ 2024 թուականի Յունիսի 28-30-ը Մոնթէ Բելլոյի Հայ Կենտրոնում, շրջանիս 17-կոմիտէութիւնների, Շանթ Ուսանողական Միութեան և ՀԵԴի պատւիրակութիւնների մասնակցութեամբ։ Ժողովին մասնակցում էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը, շրջանիս մօտ Բիւրոյի ներկայացուցիչը և ՀՅԴ Արևելեան ԱՄՆի ու Կանադայի Կենտրոնական Կոմիտէների ներկայացուցիչները։
58-րդ Շրջանային ժողովը գումարւում էր թէ ազգային և թէ ներքին կազմակերպական բացառիկ պայմաններում, երբ մեր հայրենիքը և աշխարհասփիւռ հայ ժողովուրդը կանգնած են գոյաբանական հարցերի դէմ հանդիման և երբ ՀՀ իշխանութիւնները զաւթած խմբակցութիւնը զիջողական քաղաքականութեամբ ծառայութիւն է մատուցում թշնամուն իր հակահայկական, ազգակործան և հայրենակործան քայլերով։
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի 58-րդ Շրջանային ժողովը դատապարտում է ՀՀ ներկայ կառավարութեան ձախողումները հայ ազգը պաշտպանելու իր սահմանադրական պարտականութիւնների մէջ՝ թշնամուն զիջելով Արցախը և ՀՀ ինքնիշխան տարածքներից հարիւրաւոր քառակուսի կիլոմետրներ, անպաշտպան թողնելով արցախահայութեանը, ՀՀ քաղաքացիներին և Բաքուի բանտերում պահւող ռազմաղաքական ղեկավարութեանն ու բանտարկեալներին։
Արևմտեան ԱՄՆ շրջանը յայտնում է իր անմացորդ զօրակցութիւնը՝ հայրենազրկուած մեր Արցախի հայրենակիցներին և ՀՀում ազգային և հայամետ իշխանութեան ձևաւորման ուղղութեամբ ծաւալուող աշխատանքներին։
58-րդ Շրջանային ժողովը բացառիկ էր նաև նրանով, որ շրջանս գալիս էր վերջնական և համապարփակ լուծում տալու ՀՅԴ Արևմտեան շրջանում ծայր առած կազմակերպական տարակարծութիւններին։ Ժողովը մանրակրկիտ կերպով իր գնահատականը տւեց վերոնշեալ հարցերին և միաձայնութեամբ որոշեց վճռական կերպով վերականգնել բնականոն իր գործունէութիւնը և’ ներգաղութային և’ համազգային մեր կեանքից ներս։
Շրջանային ժողովը Հայ Դատի, կազմակերպական, քաղաքական, քարոզչական, տնտեսական և երիտասարդութեան հարցերը քննելով նաև անդրադարձաւ օրէցօր ընդլայնւող գաղութիս նոր պահանջների, նրա ազգային դիմագծի պահպանման, եկեղեցական ու ազգային կեանքի և քոյր կազմակերպութիւնների գործունէութեան աշխուժացման հարցերին և կայացրեց համապատասխան որոշումներ։
Շրջանային ժողովը յառաջիկայ երկու տարիների համար ընտրեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ շրջանի նոր Կենտրոնական Կոմիտէ:
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի 58-րդ Շրջանային ժողով
Յունիս 30, 2024, Մոնթէ Բելլօ