Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի զրուցակիցը «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանն է:
- Վերջին շրջանում ՀՅԴ-ի դեմ ռեպրեսիաներ եղան, ոմանց կալանավորեցին, ինչ-որ ձայնագրություններ տարածեցին իշխանական կայքերը՝ փորձելով պառակտում մտցնել ընդդիմության ներսում: Ըստ Ձեզ` ի՞նչ է տեղի ունենում:
- Գուցե մի փոքր ինքնագովեստի նմանվի ասածս` որտեղից վտանգ են տեսնում, փորձում են հենց այդտեղ էլ վնաս հասցնել: Հիմնական պատճառը թերեւս սա է: Մերոնց պահվածքին, կեցվածքին նայեք՝ 4 տարվա ընթացքում մեզնից չեղավ մեկը, ով պայքարից կիսատ-պռատ դուրս գար, թողներ գնար` անձական խնդիրների եւ այլ բաների ետեւից: Մերոնց տեսակը դա է: Ուստի պարզ է, որ հենց մերոնց դեմ են պայքարում: Մենք եղել ենք այդպիսին, կանք ու շարունակելու ենք լինել: Քանի դեռ վտանգված է հայրենիքը, ոչ մի անձնական պատճառ չի կարող մեզ հետ պահել այն համընդհանուր մեծ խնդրից, որը վնասում է մեր հայրենիքը․ անձնական բիզնես, առողջություն, շահեր… մեզ համար ոչինչ հայրենիքից կարեւոր չէ: Գուցե ասածներս շատ վերամբարձ են հնչում, բայց սա Դաշնակցության տեսակետն է:
- Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը պասիվացավ, իշխանությունները չարախնդում են, որ հերթական անգամ հաղթեցին եւ շարունակելու են իրենց հակահայ քաղաքականությունը:
- Իշխանությունները սխալվում են՝ ասելով, թե մարել է շարժումը: Եթե մարած լիներ, նույն այդ իշխանություններն ինչո՞ւ են մեզ ենթարկում բռնաճնշումների: Նշանակում է` լավ էլ գիտակցում են, որ շարժումը չի մարել: Այս պայքարի յուրահատկությունն այն է, որ ժամանակի գործոնը պայքարից հեռացավ: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե Բագրատ սրբազանը ցանկանա լցնել փողոցները, փողոցները կլցվեն, պարզապես ամռան այս տապին, հասկանալի է, որ ակտիվությունը որոշ ժամանակով նահանջելու է: Առջեւում, անկասկած, Նիկոլ Փաշինյանը գնալու է նոր զիջումների: Սրբազան շարժման մեջ չկա ժամանակի գործոն: Այդ մարդիկ տուն են գնացել` հետ գալու հույսով, գուցե մի փոքր հատվածն իսկապես հիասթափվել է, բայց մեծ մասը վերադառնալու է, եւ պայքարը հաջողելու է: Իշխանությունն ավելի շատ վախենում է նրանից, որ պայքարը չունի ժամանակի գործոն, սրբազանը հենց նորից ցանկանա, հրապարակում տեղ չի լինելու: Ես դրանում կասկած չունեմ:
- Իսկ ինչո՞ւ չի ցանկանում:
- Որովհետեւ այս պահին հնարավոր չէ: +40 աստիճան տաքություն է դրսում: Մանավանդ հիմա առանձնապես քաղաքական գործընթացներ չկան, շուտով Ազգային ժողովն էլ արձակուրդ կգնա, մայրաքաղաքը կիսադատարկ է, ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքական ակտիվ գործընթացներ լինեն ամռանը: Մայիսին շարժումը մեկնարկեց հարկադրված՝ Տավուշի սահմանազատման հետ կապված, ես չգիտեմ, թե տասն օրից ինչ կարող է լինել: Գուցե նորից ոտքի կանգնելու անհրաժեշտություն առաջանա:
- Ընդդիմությանը մեղադրում են մանդատները վայր չդնելու համար: Դուք ի՞նչ կարծիքի եք սրա մասին:
- Նույնիսկ Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնեց, որ մանդատ վայր դնելով չի առաջանում սահմանադրական ճգնաժամ։ Ես չեմ բացառում, որ գալու է մի պահ, եւ այդ մանդատները վայր դնելու են, այն Ազգային ժողովը, որը վավերացնելու է այդ սահմանազատում ասվածը, չպետք է ունենա ընդդիմադիրներ, այո, այդ ժամանակ պետք է վայր դնեն մանդատները: Այսօր մանդատները վայր դնելով շահագրգռված են իշխանության արբանյակները, իմ կարծիքով` շատերն էլ կրկնում են արբանյակների խոսույթը՝ առանց խորամուխ լինելու: Նիկոլի երազանքն է, որ գա Ազգային ժողով եւ այնտեղ չտեսնի ընդդիմադիրներին կամ տեսնի իր կողմից սիրելի «ընդդիմադիրներին»: