կարևոր
3163 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-20 20:03
Աշխարհ Քաղաքական

Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին

Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել ավելի վաղ արված առաջարկին, այն է` մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Վիլնյուսում Լիտվայի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Միրզոյանը։

ՀՀ ԱԳՆ–ն հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ

«Երևանը կարևոր է համարում պայմանագրի կնքման շուրջ բանակցություններն ավարտին հասցնելը և պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում»,– հիշեցրել է նախարարը:

Միրզոյանի խոսքով` բացի այն, որ Բաքուն դեռ չի պատասխանել, նաև նոր պահանջներ է առաջադրել, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով։

Նախարարը խոսել է կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ ընդգծելով, որ իրականացնելու դեպքում այն, անկասկած, էական օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև դրա սահմաններից դուրս։

Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։