կարևոր
5215 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-11 17:49
Հասարակություն

Տարիներ առաջ վստահելով ներկայիս իշխանությանը՝ խաբվեցինք. Գեղամ սարկավագ Ավետիսյան

Տարիներ առաջ վստահելով ներկայիս իշխանությանը՝ խաբվեցինք. Գեղամ սարկավագ Ավետիսյան

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ-ում ձևավորված շարժումը նոր թափ է հավաքում: Այս օրերին պայքարն առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցին՝ իր նվիրյալ զավակներով: Yerkir.am-ի զրուցակիցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սարկավագ Գեղամ Ավետիսյանն է:  

- Բարեշնորհ սարկավագ, ի՞նչ է տեղի ունենում այս օրերին:

- Տարիներ առաջ վստահելով ներկայիս իշխանությանը՝ խաբվեցինք, և մինչ օրս կրում ենք դրա դառը պտուղները, մեզ պահեցին ստի ու կեղծիքի մեջ, բայց այժմ հնարավոր է ամենը շտկել, հնարավոր է համախմբվել և հաղթանակել, և այդ պայքարի դրոշը իր ձեռքն է վերցրել Սրբազանը։ Պարզապես պետք է հավատա՛լ, պայքարե՛լ, չհանձնվե՛լ, որովհետև մեր ժողովուրդը նվիրական զգացումներ ունի, հավատ ունի, որը չի՛ սասանվելու։

-Եկեղեցու դեմ արշավը սկսվել է դեռևս 2018 թվականից, երբ իշխանության գլուխը սկսեց ատելութուն գեներացնելով՝ պայքարել եկեղեցու դեմ, իսկ այս օրերին ատելությունն ու անհանդուրժողականությունը բազմապատկվել են, ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Սուրբ գրքում նշված է՝ «Մարդու գործերից պետք է իրեն ճանաչել» և այդ գործերով պետք է հասկանալ մարդու վերաբերմունքը յուրաքանչյուր իրողության հանդեպ։ Ատելությունն այս իշխանությունը ցույց տվեց ոչ միայն եկեղեցու, այլև մնացած ազգային արժեքների, ինստիտուտների դեմ իրենց նենգ մոտեցմամբ, իրենց չարակամությամբ:

-Այս ծանր իրավիճակը կկարողանա՞ հաղթահարել հայ ժողովուրդը:

-Յուրաքանչյուր իրավիճակից էլ կա ելք, ինչքան էլ կոտրված լինենք, պետք է հիշենք մեր հանճարեղ Պարույր Սևակի խոսքերը՝ «Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել, ընկել ես, սակայն երբեք չես ծնկել»: Եվ ահա ես վստահ եմ, որ այս շարժումը Սրբազանի առաջնորդությամբ կքած, բայց չծնկած վիճակից մեզ կհանի, և մենք վերջապես փյունիկի պես կրակից վեր կհառնենք, հանուն մեր զավակների, հանուն մեր վաղվա լուսավոր օրվա:

 

Անժելա Սեդրակյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

3-րդ կուրս