կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 18:35
Հասարակություն

Եկեղեցին դեմ է նման վարքագիծ ունեցող անձանց, բայց պայքարը մարդատյաց չէ. Գեղամ սարկավագ Ավետիսյան

Եկեղեցին դեմ է նման վարքագիծ ունեցող անձանց, բայց պայքարը մարդատյաց չէ. Գեղամ սարկավագ Ավետիսյան

Այսօր Ազատության հրապարակում «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցում էին նաև հոգևորականներ:

Yerkir.am-ի հետ զրույցում Գեղամ սարկավագ Ավետիսյանը նշեց, որ եկեղեցին կազմակերպիչ չէ, պարզապես մասնակցում է այս նախաձեռնությանը, որովհետև դեմ է ցանկացած ոչ ազգային, ոչ քրիստոնեական երևույթի, և եկեղեցին նույնպես փորձում է իր խոսքն ասել և իր դիրքորոշումն ունենալ այդ հարցերում:

«Եկեղեցին կողմ է ազգային, ընտանիքի սրբության գաղափարին, քրիստոնեական արժեքների պահպանմանը և դեմ է նման ֆորումի անցկացմանն ու դրա քարոզչությանը»,- ասաց Գեղամ սարկավագը:

Մեր դիտարկմանը, թե այսօր արդեն հայտարարել են` Հայաստանում ԼԳԲՏ ֆորում տեղի չի ունենալու, նա պատասխանեց. «Իրականում դա ուրախալի լուր է, բայց գուցե այդ նույն ֆորումը հաջորդ տարի կայանա: Այս նախաձեռնության նպատակն է, որ միջազգային մի շարք ՀԿ-ների, հիմնադրամների  աջակցությունը վայելող միասեռականության քարոզը և հետագայում նաև նրանց իրավական պաշտպանությունն արգելվի: Նպատակն է, որ այդ քարոզը մեր ժողովրդի կյանքում չիրականացվի»:

Մեր հարցին, թե ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավական պաշտպանության նախագիծը ԱԺ ներկայացնելու դեպքում եկեղեցին կմիջամտի՞ խնդրին, թե՞ ոչ, Գեղամ սարկավագը պատասխանեց. «Մենք` հոգևորականներս, այստեղ ենք, ինչը ինքնին ցույց է տալիս, որ եկեղեցին անտարբեր չէ այս խնդրի նկատմամբ: Օրեր առաջ մենք ականատես եղանք Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հնչեցված հայտարարությանը, որ դեմ է համասեռամոլության երևույթին, նախ` որովհետև հակաաստվածային է, հակամարդկային, և հետո` նաև դեմ է այդ ամենի քարոզչությանը: Հետագայում, երբ նրանք կփորձեն իրավական դաշտ մտնել, հույսով եմ` ԱԺ-ն նման օրինագիծ ընդունելուց առաջ կխորհրդակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ»:

Մեր հարցին` եկեղեցին դեմ ԼԳԲՏ ներկայացուցիչների՞ն, թե՞ ուղղակի քարոզչությանը, նա պատասխանեց. «Երբ բացում ենք Սուրբ գիրքը, հստակ տեսնում ենք` Աստված ստեղծեք արու և էգ ու պատվիրեց բազմանալ: Այսինքն` սիրո միությունը տղամարդու և կնոջ միությունն է, մնացած բոլոր սեռային միությունները դեմ են Աստվածաշնչին, դեմ են մարդկային բնությանը: Այո, մեզանում եղել են, կան ու կլինեն նմանատիպ` սեռային այլ կողմնորոշումներ ունեցող մարդիկ, եկեղեցին դեմ է նրանց քարոզին: Եկեղեցին դեմ է նման վարքագիծ ունեցող անձանց, բայց պայքարը մարդատյաց չէ: Մենք քարոզում ենք, որ նման երևույթը չտարածվի մեր ժողովրդի ավադական, քրիստոնեական կյանքում, որ մեր երեխաները վաղը, մյուս օրը փողոցում քայլելիս ականատես չլինեն նման սրբապիղծ արարքի, շքերթների»:  

Եզրափակելով խոսքը` Գեղամ սարկավագը նշեց, որ այդ համայնքի ներկայացուցիչները,  եթե գիտակցում, զղջում են, եկեղեցին պատրաստակամ է ընդունել նրանց: