կարևոր
5563 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 00:04
Աշխարհ

ՀՀ ԱԳՆ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել

ՀՀ ԱԳՆ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման համար: Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել արդյունքին միտված փոխգործակցությունն ինչպես Դաշինքի, այնպես էլ նրա առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է նաև Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ Կոսովոյում ԿՖՈՐ առաքելությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Դաշինքի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: