կարևոր
4771 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 17:14
Քաղաքական

ԱՄՆ-ն ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերին տարածաշրջան բերել ԵՄ առաքելության միջոցով. Զախարովան՝ Կանադայի միանալու մասին

ԱՄՆ-ն ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերին տարածաշրջան բերել ԵՄ առաքելության միջոցով. Զախարովան՝ Կանադայի միանալու մասին

ԱՄՆ-ն ցանկանում է Հարավային Կովկաս բերել ՆԱՏՕ-ի ուժերին՝ ԵՄ առաքելության միջոցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդներին Կանադայի ներկայացուցչի միանալը:

«Պետք է նշել ԵՄ-ական ներկայության լիակատար անարդյունավետությունը` միջադեպերի կանխարգելման առումով։ Մենք օրեցօր ավելի ու ավելի ենք համոզվում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում բացակայում է ԵՄ դրական քայլը»,-ասել Է Զախարովան։

Նրա խոսքով` Եվրամիության ներկայացուցիչները զբաղվում են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ ու քարոզչությամբ։

Ըստ նրա՝ զարմանալի չէ, որ դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միակարծիք են, որ Անդրկովկասում ծագող ցանկացած հարց պետք է լուծվի Հարավային Կովկասի ներսում՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

«Ինչպես հասկանում ենք, ԵՄ առաքելությանը Օտտավայի անդամակցության հարցն արդեն գործնական հարթություն է տեղափոխվել։ Օրերս Կանադայից Հայաստան է ժամանել, այսպես կոչված, փորձագետ։ Թե որն է նման որոշման հավելյալ արժեքը, որքան է այն կարևոր հայերի համար, անհասկանալի է։ Թող իրենք մեկնաբանեն»,-ասել Է Զախարովան։

Խոսքը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ այն մասին է, որ տվյալ իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկեր Եվրամիությունն օգտագործվում է Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի ուժերին «տարածաշրջան ներքաշելու» համար։

«Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ցանկանում են ոչ միայն ընդլայնել աշխարհում իրավիճակի վերահսկման հնարավորությունը, այլև հետևել իրենց եվրոպական դաշնակիցներին»,-հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան համոզված է, որ Հարավային Կովկասում արտաքին խաղացողների՝ ի դեմս ՆԱՏՕ-ի ջանքերի արդյունքում, տարածաշրջանում անխուսափելի է դառնալու վստահության նվազումը, էսկալացիան, զինված դիմակայությունը։

Արևմուտքը, ըստ նրա, շարունակում է ռազմականացնել Անդրկովկասը` այն վերածելով աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմի` անտեսելով տեղի բնակիչների շահերը: