կարևոր
4555 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-16 15:57
Հասարակություն

ՊԵԿ-ի՝ հարկ վճարելու մասին ծանուցագիրը խոպանչուն՝ ՌԴ-ում աշխատելուց 2 տարի անց

ՊԵԿ-ի՝ հարկ վճարելու մասին ծանուցագիրը խոպանչուն՝ ՌԴ-ում աշխատելուց 2 տարի անց

Yerkir.am-ը ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ ՊԵԿ-ն իրենց հարկ վճարելու ծանուցագիր է ուղարկել։

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչ Ռոմիկ Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրուցում ասաց, որ 2022 թվականին մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, աշխատանքային պայմանագիր է կնքել, գործատուն հարկեր է վճարել, և 5 ամիս աշխատելուց հետո վատառողջ լինելու պատճառով վերադարձել է Հայաստան։

2 տարի անց՝ 2024 թվականի փետրվարի 7-ին, ՊԵԿ-ը ծանուցագիր է ուղարկել, որ նա հարկային պարտավորություն ունի, ինչն անակնկալի է բերել Ռոմիկ Վարդանյանին։

«Նամակ են ուղարկել առ այն, որ դու աշխատել ես Ռուսատանում, ստացել ես էսքան գումար, հիմա էլ 264 հազար դրամ տույժ է եկել, որով պարտավորեցնում են մուծել, եթե չմուծեմ՝ ինձ կտան ԴԱՀԿ։ Ես էլ հիվանդ մարդ եմ, գյուղացի, հողով, ջրով ապրող մարդ եմ, 2 տարի հետո էդ գումարը տոկոսներով դրել են վրաս, ես էլ ունակ չեմ այդ փողը մուծելու։ 2022 թվինոր եկել էի՝ թող էդ ժամանակ տեղյակ պահեին…Մենակ ես չեմ, իմ համագյուղացիներն էլ են նույն խնդրի առաջ կանգնել»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ եթե Հայաստանում աշխատանք լիներ, իրենք ստիպված չէին լինի մեկնելու Ռուսաստան։

«Ամբողջ կյանքում ընդամենը 2 անգամ եմ գնացել Ռուսատան, էն էլ էս վերջին գնալս եղավ ճակատագրական։ Գարունը որ բացվի, պետք ա հողամաս մշակեմ, որ երեխաներիս պահեմ։Հիմա էրեխեքի հարցերը լուծե՞մ, թե բերեմ պետությանն իզուր տեղը փող տամ, որ երկու տարի հետո տոկոսներով ինձանից պահանջում ա մուծեմ։ Էդ ծանուցագիրն անմիջապես Երևանից է եկել, նույնիսկ գումար չունեմ, որ գնամ պարզեմ ի՞նչ հիմքով են ուղարկել ծանուցագիրը։ Մի տարի գնացել եմ արտագնա աշխատանքի, հիմա սաղ կյանքս պտի աշխատեմ, տանեմ 264 հազար ինչի՞ համար մուծեմ, իմ տանն էլ ի՞նչ կա, որ ԴԱՀԿ-ն գա տանի… Մարդիկ ստիպված են դուրս գալիս, լավ օրից չի, որ գնում են արտագնա աշխատանքի»,- իր վրդովմունքն արտահայտեց  մեր զրուցակիցը։

Կից նաև ներկայացնում ենք նաև ՊԵԿ-ի կողմից քաղաքացուն ուղարկված ծանուցագիրը, որը մեզ է ներկայացրել Ռոմիկ Վարդանյանը:

Հերմինե Զեյնալյան