կարևոր
2629 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-08 12:39
Քաղաքական

Հաջորդ տարի՞ քանի մլն դոլար կհատկացվի Սնուփ Դոգին բերելու համար

Հաջորդ տարի՞ քանի մլն դոլար կհատկացվի Սնուփ Դոգին բերելու համար

ՀՀ հարկատուների վրա 6 մլն դոլար արժեցած «մշակութային» միջոցառումը՝ Սնուփ Դոգի համերգը, որը չկայացավ այս տարի, տեղի կունենա հաջորդ տարի. այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ժամկետների շուրջ են բանակցում։

Կառավարությունը պետբյուջեի պահուստային ֆոնդից 2,5 մլրդ դրամ էր դուրս գրել չկայացած համերգի համար, գումարն ամբողջությամբ վճարվել էր «Դոպինգ սփեյս» կազմակերպությանը և չէր վերադարձվել պետբյուջե։

Հիշեցնենք, որ համերգը չեղարկվեց սեպտեմբերի 19-ին Արցախում սկսված պատերազմի և չճանաչված հանրապետությունը դավաճանաբար հանձնելու պատճառով, սակայն մեծ ծախսերի գնով Ռուսաստանից Հայաստան էին տեղափոխվել արդեն համերգի համար անհրաժեշտ տեխնիկան ու սարքավորումները, կահավորվել էր «Հրազդան» մարզադաշտը, աստղաբաշխական և անհասկանալի վճարումներ էին կատարվել նորաստեղծ այդ ընկերության հաշվապահին, իրավաբանին, այլևայլ աշխատակիցների և այլն։

Եթե հաջորդ տարի Սնուփ Դոգը որոշի գալ և երգել Հայաստանում, ապա հարց է առաջանում՝ այս անգա՞մ քանի մլրդ գումար պետք է պետբյուջեից կրկին հատկացվի տեխնիկական հարցերը լուծելու, իրավաբաններին ու հաշվապահներին վճարելու, մարզադաշտը կահավորելու և այլ ծախսերի համար։

Ստացվում է՝ սույն երգիչը և նրա վրա արվող միլոնավոր դոլարները դարձել են հայ ժողովրդի և ՀՀ պետական բյուջեի ճիտին պարտքը:

Հիշեցնենք նաև, որ ծախսերի համար հատկացում է արվել պետական պահուստային ֆոնդից, ինչը րս արտառոց է, քանի որ, որպես կանոն, պահուստային ֆոնդերից հատկացում է արվում խիստ կարիքների և անհրաժեշտության դեպքում: Իսկ կարո՞ղ է, օրինակ, մեկնումեկը հիմնավորի՝ հազար ու մի դարդուցավի տեր հայ ժողովրդին այսօր կամ վաղն այդքան խիստ կարիք ունի՞ ըմբոշխնելու այդ թմրամոլության քարոզիչ երգչին:

Մեկ բան ակնհայտ է՝ նշված երգչին բերելու պատրվակով շատերի գրպաններ աստղաբաշխական գումարներ մտան և, ինչպես ասում են, ախորժակն ուտելուց է բացվում: Հետևաբար՝ կրկին բեր, կրկին վայելիր յուղոտ գումարները:

Չնայած, որ ամեն ինչ ակնհայտ է, այդուհանդերձ, պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք ՀՀ Կառավարություն և առաջիկայում կներկայացնենք դրանց պատասխանները։

Անի Նահապետյան