կարևոր
4063 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-28 16:28
Քաղաքական

«Խաղաղության փաստաթուղթ»-ը մինչև տարեվերջ կստորագրվի՞․ ՀՀ կառավարությունը ամանորյա նվեր է պատրասել

«Խաղաղության փաստաթուղթ»-ը  մինչև տարեվերջ կստորագրվի՞․ ՀՀ կառավարությունը ամանորյա նվեր է պատրասել

Այսօր Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանն Արցախի ինքնորոշման իրավունքի հարց այսօր չունի և որ Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը մեջը։ Հետո նշում, որ առաջիկա 15 օրերի ընթացքում հնարավոր է ստորագրվի այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը», եթե Բաքվից քաղաքական կամք դրսևորեն։

Դե, քանի որ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսևորեցին ու բանավոր ըմբռնմամբ նվիրեցին Արցախը Ադրբեջանին, հիմա գլուխները կախ սպասում են Ադրբեջանի քաղաքական կամքի դրսևորմանն ու թելադրած խաղաղությանը։ 

Մինչ Ալեն Սիմոնյանը հայ հանրությանը համոզում էր, թե խաղաղությունը մոտ է, պաշտոնական Բաքվից լիովին այլ խոսույթով և այլ տրամադրվածությամբ հայտարարություն տարածվեց։

Ալիևի աշխատակազմից հայտնում են, որ Բաքվի բռնապետը դժգոհ է Հայաստանի պատրաստակամությունից: Իլհամ Ալիևը նշել է, որ իրենք այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Հայաստանին առաջարկ էին փոխանցել 2023 թվականի սեպտեմբերի 11-ին, իսկ Հայաստանից դրան արձագանքել են նոյեմբերի 21-ին՝ 70 օր անց։  Այդ ձգձգումը, Բաքվի բռնապետի խոսքով, ցույց է տալիս, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստն օգտագործում է որպես պատրվակ՝ ձգձգելու բանակցային գործընթացը։

Հարց է առաջանում, Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ է այդքան վստահ, որ փաստաթուղթը կստորագրվի, հատկապես այն պարագայում, երբ վերջին շրջանում միջնորդ կողմերից և ոչ մեկին հնարավոր չի լինում նույն սեղանի շուրջ նստեցնել Ալիևին ու Փաշինյանին։ Ավելին, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմից մշտապես հայտարարում էին, որ առանցքային հարցերի շուրջ դեռ անհամաձայնություն կա, հետաքրքրական է՝ 70 օրվա ընթացքում, ո՞ր հարցերի շուրջ է Հայաստանը կոնսենսուսի եկել Ադրբեջանի հետ։

Սիմոնյանը հայտարարեց, որ առանցքային գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայնության են եկել։ Որոնք են այդ առանցքային հարցերը, բարդ չէ ենթադրել․ «Զանգեզուրի միջանցնք»-ից մինչև անկլավներ։

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ անկլավների հարցը նույնպես կարող է տեղ գտնել «խաղաղություն» կոչվող այդ փաստաթղթում, ու նշեց, որ ՀՀ-ն իր կողմից զիջումներն արել է ու գնդակը փոխանցել Ադրբեջանին։ Կեղծ խաղաղության փաստաթուղթը, փաստորեն, ստորագրվելու է Հայաստանի զիջումներով, այլ ոչ փոխզիջումներով։

Այդ փաստաթղթի՝ մինչև տարեւրջ ստորագրվելու պարագայում Կառավարությունը ի՞նչ ամանորյա նվեր կմատուցի հայ ժողովրդին, ժամանակը ցույց կտա։

Անի Նահապետյան