կարևոր
3736 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-27 10:34
Քաղաքական

Այս հեղինակազուրկ իշխանությունը պարգև է մեր թշնամիների համար, նրանց լուրջ չեն ընդունում

«Խաղաղության խաչմերուկ» կոչեցյալը ոչ միայն նորմալ չէ, այլև ծիծաղելի է։ Ցավերն այնքան շատ են, որ մենք արդեն խճճվել ենք։ Այս իշխանություններն այնքան անլուրջ են վերաբերվում ամեն ինչին, որ որևէ հարցի լուրջ քննարկում անհնար է անցկացնել, և շատ բան այլևս իրենց բացատրելու, քննարկելու, երկիրն այս վիճակից միասնական ջանքերով հանելու առումով՝ անիմաստ է։ Թվում է՝ հիմա պատերազմը շարունակվում է, իսկ այդ պարագայում պիտի բոլորը մոռանան նույնիսկ իրենց կողմնորոշումները, և լծվեն մեկ գործի՝ հայրենիքի ազատագրման և փրկության։ Դա մենք արել ենք պատերազմի ժամանակ, բայց իրենց կողմից ծաղր ենք տեսել, փաստերի խեղաթյուրում։ Փակ դռների հետևում մի բան են խոսել, դուրս են եկել և այլ բան են հայտարարել։ 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը մշտական ստախոսությունն է։ Չէ՞ որ սուտ ասելը փոխհարաբերություններին վնաս է բերում, այն անգամ քրեորեն պատժելի է։ Իսկ սրանք անընդհատ այդ ստի վրա կառուցում են իրենց ամբողջ քաղաքականությունը, և դեպքերն այնքան արագ են զարգանում, որ նախորդ ստերը սկսում ես մոռանալ, չես հասցնում իրենց հետևից իրենց սխալները հերքել, քոնն ապացուցել, լուրջ քննարկումներ անել։ Քննարկումներն իջեցրել են հայհոյանքի, բամբասանքի մակարդակի, և այդ ամբողջ անլրջության մեջ մի բան ես զգում՝ այս մարդիկ հայրենիքի կորստի ցավը բացարձակ չեն զգում։ Կարելի է երկար խոսել խորքային հարցերի մասին, օրինակ՝ ինչո՞ւ պատերազմ եղավ, ի՞նչ կարելի էր անել, որ այն այսքան ցավոտ ելք չունենար»,- ասաց հասարակական գործիչը:

«Միանշանակ հնարավոր էր բոլորովին այլ կերպ դուրս գալ այս պատերազմից։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից, թե՞ ոչ։ Դա այդքան էլ մեզնից կախված չէ, քանի որ թշնամին է սկսում պատերազմը։ Բայց նա տեսնում է, թե երբ կարող է պատերազմ սկսել։ Այս բոլոր հարցերը մենք չենք կարողանում ազգովի լուրջ քննարկել, որովհետև մեր խոսույթն այսօր իջնում է զրոյական մակարդակի, և որևէ լուրջ մարդ անհարմար է զգում քննարկում սկսել։ Եթե որևէ մեկն անգամ իր ընկերական շրջապատում բանավեճի է գնում և տեսնում է, որ դիմացինն ամեն գնով զրույցը տանում է անլրջացման, հիմնական հարցերը թողած՝ մանր-մունր հիշատակումներ է անում, հասկանալի է, որ անիմաստ է նրա հետ խոսելը։ Կեղծ փաստարկներ են բերում, ինչպես, ասենք, մի քանի օր առաջ ԱԺ-ում մի լուրջ հարցի քննարկման ժամանակ վարվեց Գևորգ Պապոյանը։ Իրենք ուզում են կոնֆլիկտի վերածել, քանի որ հարցից խուսանավելու լավագույն տարբերակը դա է»,- նշեց ՀՅԴ անդամը:

Տոնոյանի կարծիքով՝ մենք երկիր ենք կորցրել, և ցավոք սրտի՝ այդ գործընթացը դեռևս չի կանգնել, բայց մարդիկ դա չեն զգում.

«Երբ Արցախը դատարկման շեմին էր կանգնած 2020-ից հետո, և մեծ վտանգ էր սպառնում, մեր ժողովուրդը և նույնիսկ արցախցիներն այս ամենը չէին պատկերացնում։ Բայց տեսեք՝ աշխարհում ինչեր են կատարվում։ Սիրիայում պատերազմ եղավ, առնվազն յոթ միլիոն փախստական տնավեր ու բնավեր եղավ։ Այս անարդար աշխարհի համար 120 հազարն ի՞նչ է։ Ուկրաինայի բնակչությունը կիսով չափ պակասել է։ Աշխարհն անարդար է։ Որտե՞ղ ենք մենք այդտեղ, ո՞րն է մեր տեղը։ Մենք պետք է ճիշտ դիրքորոշվենք, դիրքավորվենք, ունենանք ճիշտ դաշնակիցներ, վարենք հավասարակշռված քաղաքականություն։ Երբ գնաս դաշնակցիդ հետ խոսելու, նա պետք է վստահի քեզ, որ, օրինակ, ասի՝ պիտի մի փոքր համբերեք։ Մեզ չեն վստահում, այս իշխանություններն իրենց հեղինակազրկել են, և որևէ տեղ նրանք լուրջ չեն ընդունվում՝ ո՛չ Արևելքում, ո՛չ Արևմուտքում, ո՛չ Հյուսիսում, ո՛չ Հարավում»:

«Հայաստանում այսպիսի իշխանությունը մեր թշնամիների համար պարգև է։ Անցած երեք տարիներին իշխանափոխության կորսված հնարավորություններ են եղել, բայց արդյոք իրապես եղե՞լ է այդ հնարավորությունը։ Այն ուժով ու կրքով, որով Նիկոլ Փաշինյանն է իր իշխանությունը պահում, նման բան մենք չենք տեսել ժամանակակից երեսուն տարում։ Նա հասկացրել է, որ ամեն ինչ էլ անելու է, եթե անգամ շենքեր գրավվեն։ Մի տեղ կգնա, կնստի իր լայվով։ Ցավոք, այս ընթացքում չհաջողվեց կրիտիկական զանգված հավաքել»,- ամփոփեց Տարոն Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում