Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի՝ Ադրբեջանի հետ Արցախի իշխանությունների թիկունքում բանակցություններ, հանդիպումներ ունենալու մասին «ինքնախոստովանության» վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել՝ առերևույթ պետական դավաճանության համար։ ԱԱԾ-ն որոշում է կայացրել քրեական վարույթ չնախաձեռնելու մասին՝ Բաբայանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դատախազը հաստատել է քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի, ցեղասպանական գործողությունների ընթացքում կարողացել է «անարգել» հատել Լաչինում տեղակայված ադրբեջանական անցակետը և Երևան հասնելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվել առ այն, որ Արցախի ղեկավարությունն է Արցախը Ադրբեջանին հանձնել ՝ իբրև կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
«Արցախի ԱԺ 22 պատգամավորը, նաև Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք կործանեցին Արցախը»,- հայտարարել էր Սամվել Բաբայանը՝ նշելով, թե վերոնշյալ անձինք հայտարարել են, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Արցախից, այնինչ ՀՀ-ն Արցախում զորք չունի, ինչպես նաև ամբողջ բանակի զենքը առանց որևէ բան վնասելու հանձնել են Ադրբեջանին։
Այս դրվագով ՀՀ իրավապահները քրեական վարույթ նախաձեռնել են, իսկ ահա Բաբայանի՝ ինքնախոստովանության մասով՝ ոչ։ Մասնավորապես, Սամվել Բաբայանը նույն օրը նաև հայտարարել է, որ վերջինս իշխանությունների թիկունքում բանակցություններ է վարել Ադրբեջանի իշխանությունների հետ, անգամ չի տեղեկացրել Արցախի իշխանություններին այդ «շփումների» մասին, չգիտես ինչու, իրավապահների աչքից կրկին վրիպել է։ Ընդ որում, սա այն դեպքում, որ Սամվել Բաբայանի «ինքնախոստովանությունը» ոչ այլ ինչ է, քան՝ առերևույթ հաղորդում՝ պետական դավաճանության, գուցե՝ լրտեսության հատկանիշներով։ Ի դեպ, Սամվել Բաբայանի՝ հոկտեմբերի 6-ի հայտարարություններից հետո ադրբեջանցիներն առևանգել են Արցախի ութ ռազմաքաղաքական գործչի, որոնց մի մասին՝ Լաչինի անցակետից, որով Սամվել Բաբայանն աննկատ անցել է, քանի որ ադրբեջանցիներն իրեն չեն ճանաչել, ինչի մասին էլ Բաբայանը հայտարարել էր հարցազրույցում՝ փաստացի «ականներ» տեղադրելով իրենից հետո ՀՀ տեղափոխվող և դեռևս Արցախում գտնվող անձանց համար։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Բաբայանի այս հայտարարության մասով, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո