Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արեւելյան առանցքում հայտնվելով է, որ Հայաստանը կկարողանա պաշտպանել իր շահերն ու անվտանգությունը։ Հայաստանը պետք է ընդլայնի Իրանի հետ համագործակցությունը։ Թվում է՝ Ռուսաստանը, Իրանի «ձեռքերն ավելի ազատ» է թողնում՝ ընդլայնելու դերակատարությունը Կովկասում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց միջազգային հարցերի իրանցի ավագ փորձագետ, դոկտ․ Էհսան Մովահեդիանը։
Գելափ (Gellup) գիտահետազոտական եւ խորհրդատվական ընկերությունը այս տարվա հունվար, հունիս եւ նոյեմբեր ամիսներին հարցում էր անցկացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Քաղաքացիներին տրված հարցերից մեկը հետեւյալն է եղել՝ որ երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ։ Նոյեմբեր ամսին հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը՝ 41.1%-ը պնդել է, որ օգնությունը պետք է Ֆրանսիայից ստանալ, իսկ 18․7%-ի կարծիքով այդ օգնությունը Իրանից կարելի է ստանալ։ Սա այն դեպքում, երբ հունվար ամսին պատկերը լրիվ այլ էր, հարցվածների 40.1%-ը նախըտրել էր Իրանից օգնություն ստանալու տարբերակը։
Գելափի այս հարցման արդյունքների ու դրա պատճառների մասին Yerkir.am-ը զրուցել է տարածաշրջանի հարցերի իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանի հետ։ «Այս փոփոխությունը այն աշխատանքի արդյունքն է, որ Ֆրանսիան է տարել վերջին ամիսների ընթացքում, բայց պետք է տեսնել՝ Ֆրանսիայի քայլերը ինչքանով են խորքային ու իրական եւ արդյոք նպաստելու են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանն ու կայունությանը» ,-ասաց Մովահեդիանը։ Նա ողջունում է Հայաստանին օժանդակելու ցանկացած փորձ, սակայն այն սպառազինությունը, որ Ֆրանսիան է խոստացել, նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական զենքեր չեն, պաշտպանության հրթիռային համակարգերը պարզ չէ՝ ինչքանով են հակազդելու Ադրբեջանի ռազմական կարողությանը եւ 3 տարուց հազիվ էլ փոխանցվեն հայկական կողմին։ Մովահեդիանը նշեց, որ Ֆիանսիայի օգնությունը ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի։ Սյունեցիներին ու արցախցիներին ցուցաբերած մարդասիրական օգնությունը ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Իրանն է արել՝ հավելեց փորձագետը։
Իսկ այն մասին, թե ինչո՞ւ է Իրանի դիրքը նվազել, Մովահեդիանը կարծում է, որ այդտեղ մեծ ազդեցություն ունի Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները, կարեւոր է նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը։
«Իրանն է, որ Հայաստանի հետ ընդհանուր շահեր ու լուրջ մտահոգություն ունի։ Իրանն է, որ իրոք կարող է օգնել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Իրանն է, որ բազում զորավարժություններ է իրականացրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին, բազմիցս ընդգծել է Հայաստանի սահմանների անխախտելիության անհրաժեշտությունը, զգուշացրել ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության վերաբերյալ, անգամներ մատնանշել, որ պետք է թույլ չտալ «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի ստեղծումը, որը կհանգեցնի թաքֆիր-ահաբեկիչների, անջատողական ուժերի, ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի ներկայությանը։ Հայաստանն ու Իրանը տուժելու են այդ միջանցքից»։
Փորձագետը նկատում է, որ Իրանի դիրքորոշումները Հայաստանի պետական լրատվամիջոցներում բավարար չափով արտացոլանք չեն գտնում, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցներին չի հաջողվում դա հասցնել հասարակությանը։ Այս ոլորտում եւս համագործակցության կարիք կա, պետք է ներկայացնել երկու երկրների իրական բարեկամությունը՝ ընդգծեց Մովահեդիանը։
Իրանը բազմաթիվ առաջարկներ է հնչեցնում, սակայն հայկական կողմն Իրանի հետ միայն մշակութային, կրթական ու տնտեսական ոլորտներում է ցանկանում համագործակցել, իսկ ռազմական ու անվտանգային ոլորտներում ոչ, քանի որ Հայաստանը շարժվում է դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ, չի ցանկանում անհանգստացնել նրանց՝ հայտնեց փորձագետը։
Մեղրի Ղուկասյան