Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական CBC հեռուստաալիքը ցուցադրել է «Իրևանի թաքցված ժառանգությունը» «սենսացիոն» ֆիլմը: Արդեն անունից հեշտ է կռահել, որ սույն արտադրանքը Հայաստանի ողջ տարածքի, այդ թվում՝ մայրաքաղաքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների հերթական քարոզչական նմուշն է։ Սակայն մի առումով այն իսկապես սենսացիոն էր. դատելով ամենից, նկարահանումները հեռուստաալիքի նկարահանող խմբի կողմից արվել են Երևանում, ընդ որում դա տեղի է ունեցել շատ հանգիստ, Կոնդում, դրա բնակիչների մասնակցությամբ:
ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, թե Երևանում «ջնջում ենքքաղաքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակության վերջին հետքերը», իսկ «երկրի իշխանությունները հրավիրել են ամերիկացի և ֆրանսիացի ներդրողների, որոնք մտադիր են քանդել նախկին «Ադրբեջանական թաղամասը»: Ընդ որում թաղամասի բնակիչները պատմում են այնպիսի բաներ, որոնք հենց թեկուզ տարիքի բերումով ոչ մի կերպ չեն կարող իմանալ։ Իբր, երբ «ադրբեջանցիները հեռացել են, մզկիթի տեղում, որտեղ դարեր շարունակ աղոթք են հղել Աստծուն, հայկական խաչ են տեղադրել»։
Ոչ մի նոր բան այդ հերյուրանքների մեջ չկա. Բաքվից վաղուց են հեծեծանքներ հնչում Կոնդի և այնտեղ «ադրբեջանական մշակութային ժառանգության» ոչնչացման մասին։ Օրինակ, անցած տարվա հուլիսին ադրբեջանցի մի խումբ «գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ» դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ՝ իրենց մտահոգությունն արտահայտելով «Թեփեբաշի» (այդպես են նրանք անվանում Կոնդը) թաղամասի ճակատագրով, որը կրկին իսկ «ադրբեջանական» էր հռչակվում։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ուղղված դիմումում ասվում էր, թե «Իրևանում» տեղի է ունենում իրենց մշակութային ժառանգության «ցեղասպանություն»։
Թե ինչպես է արձագանքել տիկին Ազուլեն և արձագանքել է արդյոք ընդհանրապես՝ հայտնի չէ, բայց Կոնդը «ադրբեջանական թաղամաս» վերանվանելու փորձերը, որտեղ «ջնջվում են» բացարձակ անհայտ «ժառանգության» վերջին հետքերը, ինչպես տեսնում ենք, շարունակվում են։ Եվ կարելի է չկասկածել, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականության խորապատկերին այդ փորձերը գնալով ավելի լկտի, ցինիկ ու համառ կդառնան։ Մանավանդ որ, ըստ մի շարք աղբյուրների և փորձագետների, Փաշինյանն ու իր ոհմակն արդեն համաձայնություն են տվել ադրբեջանցիների վերադարձին Հայաստան, իբր՝ հայրենի տներ արցախցիների վերադարձի դիմաց։ Ավելի անհեթեթ զուգահեռ անհնար է հորինել, սակայն խոսքը տվյալ դեպքում այլ բանի մասին է։
Այն է՝ Հայաստանի թուրքական օկուպացիոն ռեժիմը ոչ միայն համաձայնություն է տվել, այլև նախապատրաստական աշխատանք է տանում այդ «վերադարձի» համար։ Եվ, դատելով ամենից, դրանում ամենաակտիվ դերակատարում ունի կրթության, մշակույթի և այլնի նախարարությունը՝ ԿԳՄՍՆ, բազմաթիվ սկանդալներով «փառաբանված» Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։
Այսպես, օրերս մի շարք տելեգրամ-ալիքներ հրապարակեցին հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն. «Իրևանի թաքցված ժառանգությունը» վավերագրական ֆիլմը ադրբեջանական նկարահանող խմբի կողմից նկարահանվել է Հայաստանի մայրաքաղաքում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ, որին այդ խնդրանքով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն (երևի, հենց դա էր Ազուլեի արձագանքը- Մ.Գ.): Ֆիլմի նկարահանումները վերահսկել է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը»:
ՃԻՇՏ Է ԴԱ, ԹԵ ՈՉ, ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ, բայց հաղորդագրությանը ԿԳՄՍՆ-ն որևէ կերպ չարձագանքեց, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն հավաստի է: Բացի այդ, դժվար թե «ադրբեջանական նկարահանող խումբը» կարողանար իրեն այդքան ազատ զգալ Երևանի կենտրոնում, նկարահանումներ անել և բնակիչների հետ զրուցել առանց ՀՀ իշխանությունների իմացության և աջակցության։ Եթե, իհարկե, կադրերը մոնտաժված և բեմադրված չեն։ Չենք խոսում արդեն այն մասին, որ փաշինյանական ոհմակի քաղաքականությունն առավելագույնս հիմքեր է տալիս հավատալու տեղեկատվության ճշմարտացիությանը, իսկ ԿԳՄՍՆ-ին այդ գործընթացում հատուկ դեր է հատկացված։
Ներկայացնենք նախարար Անդրեասյանի և նրա աշխատակիցների գործունեության մի քանի փաստ, որոնք վկայում են այդ մասին։ Դեռ թարմ է նրա սկանդալային արտահայտությունը Գարեգին Նժդեհի մասին, որի համար պարգևն էլ հենց նշանակումն էր բարձր պաշտոնում։ Ապացուցելով իշխանությունների հակահայկական քաղաքականությանն իր հավատարմությունը և Փաշինյանի ցանկացած հրաման կատարելու պատրաստակամությունը՝ Անդրեասյան խանումը նախարարի պաշտոնում ծավալվեց ողջ թափով։
Սեպտեմբերի վերջին սոցցանցերում և մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ տվյալ նախարարությունը հրահանգել է Պատմական միջավայրի և պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայությանը հաշվառել և ուսումնասիրել ՀՀ տարածքում մահմեդական հուշարձանների, առաջին հերթին՝ գերեզմանոցների վիճակը։ Բացի այդ, հաղորդվում էր, որ նույն նախարարության կողմից իրականացվում է դրամաշնորհային խոշոր ծրագիր, որի շրջանակներում հայտնի մասնագետներն ուսումնասիրում են «ադրբեջանական ժառանգությունը և ներկայությունը ՀՀ տարածքում»:
Հայրենիքից Արցախի ժողովրդի ողբերգական գաղթից հետո Անդրեասյանն իրեն իրավունք վերապահեց փակել հանրապետության մայր բուհը՝ շուրջ 55 տարվա պատմություն ունեցող պետական համալսարանը, որը ստեղծվել է հասարակական-քաղաքական բարդ պայմաններում, հակառակ Ադրբեջանի ցանկության։ Չնայած սոցցանցերում ծավալված արշավին և բուհը պահպանելու հանրային պահանջին՝ նա անհողդողդ կերպով, բնականաբար՝ իր շեֆի հրամանով, ստորագրեց Արցախի պետական համալսարանը լուծարելու հրամանը, այդպիսով զրկելով ավելի քան 3 հազար ուսանողների հայրենի բուհում ուսումը շարունակելու հնարավորությունից, իսկ տասնյակ դասախոսների՝ աշխատանքից։
Փոխարենը՝ սույն տիկինը հպարտությամբ հայտարարեց, որ իր սեփական երեխան ցանկություն է հայտնել սովորել արտասահմանում, և «ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ առնել նրա կրթության իրավունքը»:
Նշենք նաև, որ վերջին շաբաթներին լուրջ սկանդալ բռնկվեց Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ, որտեղ Արցախը քարտեզի վրա նշված է Ադրբեջանի կազմում, առկա են բազմաթիվ այլ խեղաթյուրումներ և նենգափոխումներ: Չնայած մասնագետների վրդովմունքին և պահանջին՝ հանել դասագիրքը դպրոցներից, ԿԳՄՍՆ-ն ու դրա ղեկավարը համառորեն լռում են. այնտեղ ակնհայտորեն մտադիր չեն լսել հանրության ձայնը:
ԱՍՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ՝ հակահայկական ֆիլմի նկարահանումներին Անդրեասյանի և նրա ղեկավարած գերատեսչության ցուցաբերած աջակցության մասին տելեգրամ-ալիքների հաղորդագրությունը միանգամայն իրական է թվում: Ֆիլմ, որը պնդում է իբրև փախստականներ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների» Հայաստանի մայրաքաղաք վերադառնալու իրավունքի մասին, որտեղ Հայաստանին մեղադրում են «մշակութային ժառանգությունը» ոչնչացնելու մեջ և այլն, և այդպես շարունակ։ Ֆիլմ, որում փաստացի ներկայացվում են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ, բավական է հենց միայն «իրևան» բառը վերնագրում։
Վերջապես՝ ֆիլմ, որն ապացուցում է, որ ադրբեջանցիները պատրաստվում են բնակություն հաստատել ոչ միայն Սյունիքի և այլ գյուղերում, ինչպես միամտաբար կարծում են բազմաթիվ «խաղաղասեր» երևանցիներ. հարյուր հազարավորների Բաքուն ծրագրում է «վերադարձնել» հենց Երևան:
Ամենայն հավանականությամբ, Անդրեասյանն ու իր աշխատակցուհի Աստղիկ Մարաբյանը համաձայն են այս ամենին։ Այլապես նրանք կհերքեին հաղորդագրությունը որպես ապատեղեկատվություն, որն արատավորում է իրենց մասնագիտական և անձնական հեղինակությունը: Բայց փաշինյանական Հայաստանում ամեն ինչ հակառակն է. ամենայն աջակցությունն Ադրբեջանի հակահայկական ծրագրերին և դրանց իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը համարվում է ոչ թե արատավոր, այլ միանգամայն արժանավայել վարքագիծ։ Իսկ քանի որ Նիկոլը պատրաստվում է դռները լայն բացել ադրբեջանցի «փախստականների» առջև, ԿԳՄՍՆ-ում և այլ գերատեսչություններում նստած նրա հաճկատարները պատրաստակամորեն նետվել են նախապատրաստելու ու ապահովելու այդ «վերադարձը»։
Մնում է պարզել, թե Անդրեասյանից ու Մարաբյանից բացի՝ հայկական ազգանուն ունեցող ուրիշ քանի խանում է աշխատում այդ գերատեսչությունում, ջանադրաբար տքնելով ապազգային ու հակապետական դաշտում։
Եվ վերջինը. եթե ադրբեջանական ֆիլմի նկարահանումներին ԿԳՄՍՆ-ի աջակցության մասին պնդումը սուտ է, ապա սիրով կհրապարակենք հերքումը։ Բայց այդ դեպքում անհասկանալի կմնա հարցը. ո՞վ և ի՞նչ հիմքով է թույլտվություն տվել և վերահսկել այդ նկարահանումները։ Արդյոք դա իսկապե՞ս արվել է «ՅՈՒՆԵՍԿՕ - ի խնդրանքով», այն խնդրանքով, որը կատարելու համար շռայլորեն վճարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայ ժողովրդի հսկայական պատմամշակութային ժառանգությունը զանգվածաբար ոչնչացրած և ներկայումս էլ ոչնչացնող ու յուրացնող պետությունը՝ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացարձակ լռության պայմաններում։
Աղբյուրը՝ Golosarmenii.am
Yerkir.am խմբագրություն․ ստորև ներկայացնում ենք ԿԳՄՍՆ-ի տարածած հերքումը․
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:
Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը: