կարևոր
2857 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 23:21
Աշխարհ Քաղաքական

Հայտարարություն է ընդունվել Իրանում «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում

Հայտարարություն է ընդունվել Իրանում «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում

Հրապարակվել է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում։

Ինչպես հայտնում է Իրանի արտգործնախարարությունը, պաշտոնյանները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել։

1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նախարարներն ընդգծել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։

2. Արտահայտելով իրենց տեսակետները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկվել են տարածաշրջանի առավել կարևոր խնդիրները և ընդգծվել այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակը՝ տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու գործում:

3. Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության ամրապնդման վրա։

4. Կարևորվել է մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ ծրագրերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

5. Տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկրները կամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:

6. Նախարարները ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման շարունակական գործընթացները:

7. Դրական գնահատելով հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։

8. Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

9. Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելության և այս հանդիպումն անցկացնելու համար:

Նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am