կարևոր
6442 դիտում, 2 տարի առաջ - 2023-10-20 19:03
Քաղաքական Իրավական

Մինչ այսօր ապացույց չունենք, որովհետեւ գոյություն չունի․ Սուրեն Մանուկյան

«Ամեն անգամ ասում եք՝ ապացույցներին պետք չի անդրադառնալ, բայց ապացույց գոյություն չունի» ,- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ։Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել եւ քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու եւ նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, եւ 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որեւէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետեւություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։