կարևոր
4090 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-09 16:43
Քաղաքական

Փաշինյանն Արցախը հանձնեց, անցավ ՀՀ տարածքների օտարմանը

Փաշինյանն Արցախը հանձնեց, անցավ ՀՀ տարածքների օտարմանը

Մինչ Փաշինյանն իր թիմով հպարտանում էր Գրանադայում ձեռք բերած «հաղթանակով» ու հանրությանը համոզում, որ անկլավների հարց գոյություն չունի, և որ դա կեղտոտ մանիպուլյացիա է, Ալիևը շտապեց ՔՊ-ական խմբակի՝ հանրության աչքերին թոզ փչելու համացանցային խրախճանքն ի չիք դարձնել։

Բաքվի բռնապետը հայտարարեց, թե, իբր, Ադրբեջանական 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ, և իրենք դրանք պետք է ազատագրեն։

Ալիևի այդ հայտարարությունից հետո ակտիվ ստատուսներ գրող ՔՊ-ականների ձայնները փորներից դուրս չի գալիս։

Նախ հարց է առաջանում՝ ի՞նչ 8 գյուղերի մասին է հայտարարում Ալիևը։

Հայաստանում, ըստ խորհրդային քարտեզների, կա 3, այսպես կոչված, անկլավ, իսկ Ադրբեջանում 1 հայկական անկլավ (Արծվաշենը)։

Ալիևն արդեն որերորդ անգամ խոսում է 8 գյուղերի մասին, իսկ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հայտարարում՝ ի՞նչ գյուղերի մասին է խոսքը։ Yerkir.am-ը մանրամասն ուսումնասիրել է բոլոր այն գյուղերը,   որոնք խորհրդային շրջանում եղել են ադրբեջանաբնակ. 6 գյուղ Տավուշի մարզում, մեկը՝ Արարատի: Արդյունքում՝ պարզ չէ դեռ՝ որն է 8-րդ գյուղը, որի մասին Փաշինյանը լռում է։  

ՀՀ ԱԳՆ-ից փորձեցինք հասկանալ՝ որո՞նք են այդ 8 գյուղերը, որոնց մասին Ալիևը խոսում է։ Որևէ հստակ պատասխան չտվեցին, և անհայտ մնաց՝ ո՞րն է այդ առեղծվածային մեկ գյուղը։  

ՀՀ ԱԳՆ-ն հղում կատարեց իրենց՝ ապրիլի 28-ի հրապարակմանըորի երկրորդ մասում ոչ լիարժեք անդրադարձել են Ալիևի նմանօրինակ պնդմանը։

Տավուշի մարզում խորհդային շրջանում ադրբեջանաբնակ են եղել և այժմ պահանջվում են Ադրբեջանի կողմից Սոֆուլու և Բարխուդարլու, Վերին և Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի գյուղերը, իսկ Արարատի մարզից՝ Տիգրանաշենը։

Տիգրանաշենով է անցնում դեպի Սյունիք և Իրան Հայաստանի միջպետական ճանապարհը, իսկ տավուշի մարզի՝ Ադրբեջանի կողմից պահանջվող տարածքներով անցնում է ՀՀ-Վրաստան  միջպետական գլխավոր ճանապարհը։

Ստացվում է՝ Փաշինյանը նշված «անկլավները» նվիրելով Ադրբեջանին, նվիրում է Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներն ու դրանց ճակատագիրը հանձնում Ադրբեջանի քմահաճույքին։

Բարդ չէ ենթադրել, թե այդ ճանապարհներն ինչ ճակատագրի են արժանանալու. Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-  Ճակատեն ռազմավարական նշանակության ճանապարհների՝ «բանավոր ըմբռնումներով» հանձնման օրինակը և դրա ողբերգական հետևանքները դեռ թարմ են բոլորիս հիշողության մեջ։

Այսպիսով՝ ՀՀ տարածքով մի տեղից մյուսը տեղափոխվելու համար ստիպված ենք լինելու մի քանի անգամ ադրբեջանական անցակետեր հատել։ Օրինակ՝ Երևանից Եղեգնաձոր, Ջերմուկ  կամ Երևանից Բերդ, Նոյեմբերյան քաղաքներ գնալու համար։

Զարմանալին այն է, որ Փաշինյանի շրջապատն ասում է, թե 86.600 քառ. կմ-ի մեջ անկլավները չկան, բայց Փաշինյանը դեռ ամիսներ առաջ իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ երբ ասում է՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա մեջ ներառված են և՛ Արցախը, և՛ անկլավները։ Միայն թե համոզեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել: Հետո ասաց՝ եթե անկլավների վերադարձի տեսանկյունից դիտարկենք հարցը, ապա Ադրբեջանն էլ մեզ պետք է Արծվաշենը վերադարձնի։

Հարց է առաջանում, ո՞ւմ է պետք 24 ադրբեջանական գյուղերով շրջապատված Արծվաշենի վերադարձը, երբ այն ռազմավարական նշանակություն չունի անգամ Ադրբեջանի համար։ Ենթադրենք վերադարձրին՝ ո՞վ կգնա այնտեղ ապրելու, փաշինյանական իշխանություններն ինչպե՞ս են ապահովելու այս մարդկանց անվտանգությունը։ Գուցե այնպես, ինչպես արցախահայերի անվտանգությո՞ւնն «ապահովեցին» Արցախում կամ, ինչպես իրենք էին սիրում դավադրաբար բարբաջել՝ «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի իրավունքները պետք է պաշտպանվեին Ադրբեջանի տարածքում միջազգային երաշխիքներով»։ Ե՞վ… Ո՞վ չգիտեր՝ ինչ է սպասվելու արցախահայությանն Ադրբեջանի կազմում:

Եթե Ադրբեջանին հաջողվի Փաշինյանից ստանալ այսպես կոչված անկլավները, ապա ՀՀ-ն ճանապարհատրանսպորտային առումով ուղղակի շրջափակվելու է Ադրբեջանի կողմից,  հարյուրավոր բնակավայրեր ևս Արարատի, Լոռու և Տավուշի մարզերում ուղղակի հայտնվելու են ադրբեջանական ուղիղ նշանառության տակ, Վերին Ոսկեպարի թավ անտառներում վխտալու են ադրբեջանական զինված կազմավորումները՝  շեշտակի սպառնալիք ստեղծելով նաև Լոռու մարզի բնակչության համար։

Կարճ ասած՝ ՀՀ-ի ադրբեջանիզացիա՝ ողբերգական հետևանքներով:

Անի Նահապետյան