|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը:
Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»:
Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը:
«Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», ասված է պետքարտուղարության արձագանքում:
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնոդվում է այս նպատակով», ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում: