Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակ բացարձակապես չունի, հետևաբար, ընթացող բոլոր գործընթացները, տարբեր՝ Արևմուտք, Արևելք ձևաչափերով բանակցություններն Ադրբեջանի համար պարզապես պատերազմի պատրաստվելու հնարավորություն են։ Խոսքը վերջնական պատերազմի մասին է, որով վերջնականապես կփորձի լուծել Հայաստանի հարցը։
«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լարվածության մեծացման մարտավարությանը թե՛ սահմանին, թե՛ քարոզչական դաշտում։ «Բանակցություններից առաջ, սովորաբար, սահմանին սրացումներ են լինում։ Բանակցություններին նախորդող շրջանում կրակելն Ադրբեջանի՝ վերջին 30 տարվա գործելաոճն է, և այդ առումով ոչինչ չի փոխվել, բայց պետք է հասկանալ, թե ներկա ծայրահեղ իրավիճակում Ադրբեջանն ինչ նպատակ է հետապնդում։ Ակնհայտ է, որ չկա որևէ կարմիր գիծ, որը հաշվի առնելով՝ Ադրբեջանը կասի՝ լավ, կարելի է պայմանավորվել, մտածել խաղաղության մասին։ Ամեն անգամ փորձում է պահանջների չափն ուռճացնել, այն էլ՝ Հայաստանի հաշվին։ Ադրբեջանի հիմնական նպատակը «Երևանի գուբերնիա» կարգավիճակ ունենալն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ նշված նպատակին են միտված ադրբեջանական կողմի հրապարակած քարտեզները, հայտարարությունները, քարոզչական թեզերը։
«Փոքր բանը, որն ընդհանրապես կապ չունի բանակցությունների հետ և չի կարող ազդել բանակցությունների վրա, իրենք փորձում են ուռճացնել, ներկայացնել այնպես, թե «հայկական կողմը որևէ կերպ խաղաղության նպատակ չունի»։ Իրենք այդպիսով ռազմական գործողություններ սկսելու հիմք են նախապատրաստում, իսկ հայտարարություններն անում են իրենց արդարացնելու համար։ Օրինակ, որ հետո ասեն՝ Հայաստանը «հրաժարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից», «Հայաստանը ստորագրել է, բայց խախտում է այդ հայտարարությունը», «զորքեր կան Արցախում, զենք կա Արցախում»։ Կարող ենք այս համատեքստում որպես օրինակ դիտարկել Ադրբեջանի ՊՆ-ի՝ ամենօրյա կտրվածքով արվող հայտարարություններն այն մասին, թե «հայկական կողմը կրակել է իրենց դիրքերի վրա»։ Այս ամենը նույն տամաբանության մեջ է»,-ընդգծեց Գ. Դավթյանը։
Փորձագետը, անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական քարոզչական դաշտում առաջ տարվող թեզերին, մի քանի խնդիր առանձնացրեց։ «Առաջին՝ Ադրբեջանը փորձում է, և, ցավոք սրտի, իրեն հաջողվում է Արցախը որպես «ահաբեկչական կողմ» ներկայացնել, փորձում է ներկայացնել, թե իբր «Արցախը որևէ ձևով խաղաղության չի ձգտում»։ Երկրորդ՝ Ադրբեջանը թիրախավորում է արցախցիներին՝ ներկայացնելով, թե իբր «արցախցիներն իրենց քաղաքացիներն են և պետք է ենթարկվեն իրենց», իսկ եթե չեն ենթարկվում, «պետք է կա՛մ լիկվիդացնել, կա՛մ ստիպել, որ դուրս գան «ադրբեջանական տարածքից»»։ Բացի այդ, անընդհատ կեղծ հրապարակումներով, հիմնականում տեսանյութերի ձևով իբր թե ցույց են տալիս, որ ճանապարհով ռազմական մեքենաների շարասյուն է անցնում։
Ադրբեջանական տեքստերն այնպես են մշակված, որ կարելի է եզրակացնել, թե իբր «ռուսները օգնում են հայերին, որ զենք տեղափոխեն Արցախ», այնինչ, անգամ սովորական քաղաքացին, որը ռազմագետ չէ, չի պատկերացնում այդ ամենը, տեսանյութը նայելով՝ կհասկանա, որ դա կեղծ և անհիմն է։Այդ տեսանյութերում, բացի ռուսականից, որևէ այլ ռազմական մեքենա չի երևում։ Եվ եթե ռուսական կողմը քաղաքացիական կամ հումանիտար նշանակության մեքենայի է ուղեկցում, որևէ ապացույց չկա, որ այդ մեքենաների մեջ զենք կա։ Անհիմն, օդում «կրակած» հայտարարություններ են, որոնք, սակայն, իրենց մեջ գաղտնի ենթատեքստեր ունեն։ Կարծում եմ՝ այդպիսով առաջին խնդիրը ռուսական խաղաղապահներին թիրախավորելն է, նեկայացնել իրենց ոչ թե խաղաղապահ, այլ կոնֆլիկտի կողմ, և, հետևաբար, զրկել իրենց խաղաղապահ առաքելությունից»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մյուս խնդիրը ռազմական գործողություն սկսելու հիմք ստեղծելն է։
«Վերջերս Ալիևն իր հայտարարություններով ակնարկել է ռազմական գործողություններ սկսելու, վրեժ լուծելու մասին։ Վրեժ լուծելու օպերացիան արդարացնելու համար սկզբից քարոզում է, որ զենք է տեղափոխվում Արցախ, հետո ասում՝ «որպեսզի դա մեծ խնդրի չվերածվի, այսօրվանից կանխում ենք», իսկ հետո սկսում են հարվածելը։ Մյուս թեզը հայերի նկատմամբ ունեցած ատելության հիմքով նրանց ոչնչացնելն արդարացնելու մասին է։ Այսինքն, իրենք անընդհատ ցույց են տալիս, որ «մենք չենք հանդարտվել, չենք համակերպվել պատմության հետ, դասեր չենք քաղել»։ Եթե նկատենք՝ «դասեր չքաղելու» արտահայտությունը պաշտոնական խոսույթում բավականին հաճախ է կրկնվում։ Բացի ատելությունից, Ադրբեջանում կա ստեղծված ընդհանուր ֆոն, որ «հայերի հետ խաղաղության գնալ հնարավոր չէ, իրենք ադրբեջանցիներին չեն սիրում ու ոչնչացնելու նպատակ ունեն»։ Ընդհանուր ատելության ֆոնին այս թեզերը շատ լավ են աշխատում։ Հետևաբար՝ թե՛ ադրբեջանական հանրության, թե՛ Ադրբեջանի պաշտոնական մակարդակով նկատելի է, որ իրենց միակ բաղձալի երազանքը ռազմական ուժով հայերին այստեղից հանելն է»,-հավելեց Դավթյանը՝ նկատելով, որ, ըստ այդ թեզերի, խոսքը ոչ միայն Արցախի, այլ հետո նաև Սյունիքի մասին է։
Անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլին, որից հետո հայտարարվել էր, թե ստորագրվելիք պայմանագրի որոշ դրույթների շուրջ «համաձայնություն» կա, Ադրբեջանի հարցերով փորձագետը նշեց. «Կարծում եմ՝ ոչ հայկական իշխանության կողմից Ադրբեջանի հետ «համաձայնության գալ» ասվածը բոլորովին այլ կերպ է ընկալվում։ Սրանք պատկերացնում են մի փոխըմբռնելի տարբերակ, որտեղ երկու կողմն էլ զիջումներ է անում, բայց ադրբեջանական կողմը «համաձայնություն» ասվածը դիտարկում է իր հետ համաձայնեցված քայլերի տրամաբանության մեջ, այսինքն, պետք է այդ քայլերին ինքը «դաբրո» տա։ Մեծ հաշվով՝ նախ գործ ունենք ընկալումների տարբերության, երկրորդ՝ ոչ հայկական կառավարության ոչ հայամետ դիրքորոշումների հետ։ Ադրբեջանն անընդհատ կրակում է սահմանին, ՀՀ սուվերեն տարածքից զինվոր է գողանում, Արցախի Հանրապետության վրա է կրակում, օրերս էլ 4 զոհ ունեցանք։
Փաստերը բազմաթիվ են ասելու, որ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում, հայերի հետ համատեղ ոչ մի համաձայնություն չկա։ Մեծ հաշվով՝ քանի դեռ առանց որևէ դիմադրության ու հակահարվածի Ադրբեջանի պահանջները բավարարող կողմ կա, Հայաստանից ոչինչ չի մնալու, ո՛չ զիջելու տարածքներ են մնալու, ո՛չ քաղաքակրթություն, ո՛չ կրոն, ո՛չ էլ հայեր այս տարածքում։ Նման շարունակության դեպքում առաջիկա 10-15 տարվա ընթացքում հայաթափված տարածաշրջան ենք ունենալու։ Կարող է հայերի փոքր խումբ լինի, որ ցույց տան, թե էթնիկ փոքրամասնություն կա, բայց գլոբալ առումով պետականություն չի լինելու»։ Այս պայմաններում, ըստ մեր զրուցակցի, «Ադրբեջանի հետ համաձայնություն» ասվածը տեղին չէ կիրառել. «Ընդհանուր առմամբ, այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, Հայաստանի ոչ հայկական կառավարության կողմից գիտակցված գործողությունների հաջորդականություն է։
Այսինքն, ես համոզված եմ, որ իրենք չեն սպասարկում հայկական շահը, երկրորդ՝ Ադրբեջանին դիմադրություն ցույց տալու նպատակ չունեն։ Իրենք միայն զիջելու նպատակ ունեն՝ տալ այն ամենը, ինչ Ադրբեջանն ուզում է։ Իսկ Ադրբեջանը Հայաստանն է ուզում՝ Արցախի հետ միասին։ Ակնհայտ է, որ այս մարդիկ ոչ թե Հայաստանը ղեկավարելու, այլ ի հաշիվ Հայաստանի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկելու նպատակով են եկել։ Նպատակն առնվազն Հայաստանը գիտակցված կործանման տանելն է։ Բացի այդ, իրենք Թուրքիայի կողմից մշակված հստակ ադրբեջանական ծրագիր ունեն, որը վերաբերում է ՀՀ-ից տարածքներ զիջելուն, Արցախը զիջելուն։ Ըստ այդ ծրագրի՝ նպատակ ունեն նաև Հայաստանին այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում տեղավորել, որ մոտակա 50 տարին հնարավո չլինի պետականություն վերականգնել կամ թելադրող կողմ լինել Հարավային Կովկասում։ Նպատակը, մեծ հաշվով, հայկական պետականությունը ջնջելն է»։
Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձանք Հայաստան-ԱՄՆ փոխադարձ պաշտոնական այցերին։ «Կարծում եմ՝ վերջին այցերը Հայաստանի սահմանները, անվտանգությունն ապահովելու նպատակ չունեն։ Ըստ իս՝ այդ այցերը ռուսական ազդեցությունն այս տարածաշրջանից մաքրելու գործընթացների համատեքստում են։ Ենթադրում եմ, որ մշակվում են ծրագրեր, թիրախներ, քայլերի հաջորդականություն, որ կարողանան հանրության շրջանում մեծացնել հակառուսական տրամադրությունները, նվազեցնել ռուսներին վստահելու՝ տարիներ շարունակ ձևավորված մթնոլորտը։ Եթե այդ այցերի նպատակը սահմանների անվտանգությունը լիներ, առնվազն վերջին շրջանում ք ա ղ ա ք ա կան իմաս տով Ադր բ ե ջ ա ն ի «ականջները քաշելու» գործընթաց կտեսնեինք, ինչը, սակայն, չկա»,-հավելեց նա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում