կարևոր
2182 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-30 12:45
Քաղաքական

Պատերազմը վարում է երկրի ղեկավարը․ «Հրապարակ»

Պատերազմը վարում է երկրի ղեկավարը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը փորձել էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին ասված մեղադրանքներին եւ կիրթ՝ առանց վիրավորելու հակափաստարկներ ներկայացնել։ Որոշ դեպքերում հաջողել էր, որոշ դեպքերում՝ ոչ։ Բայց մի քանի միտք կար, որոնք, թվում է, պարզունակ, բայց, փաստորեն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համար անհասանելի են եղել առայսօր։ 

Օնիկ Գասպարյանն ասում է․ «Ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, եւ նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից (չմոռանանք, որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը)»:

Ապա փորձում է շարադրել պատերազմի ընթացքում կառավարության թույլ տված բացթողումներն ու սխալները, «որոնք զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա»։ Ցավալիորեն, երկրորդում է Փաշինյանին, թե անպատժելիության մթնոլորտ կար եւ «զանգվածային փախուստի դեպքեր», եւ «ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները եւ արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ»։ Բայց որոշ պնդումների հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Օրինակ, որ «Դիվանագիտական թույլ աշխատանքի հետեւանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում ոչ արդյունավետ կազմակերպվեցին զինված ուժերն անհրաժեշտ քանակի հրթիռներով եւ զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետեւանքով լիարժեք հնարավորություն չտրվեց հրթիռների եւ զինամթերքի ծախսը, ինչպես նաեւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»։ Նաեւ. «Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա եւ ազդել ՀՀ եւ Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը»։

Եվ ամենակարեւորը. «Անպատասխանատու մոտեցման հետեւանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների եւ այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը: Ընդ որում, սկզբնական շրջանում խոչընդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով  կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը»։ Եթե սրան հավելենք նաեւ այն, որ «Քաղաքական եւ դիվանագիտական բավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի եւ Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար», պարզ կդառնա, որ սրանք պատերազմը վարողի, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի ապագա դատավճռի բաղկացուցիչ կետերն են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում