Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի իրավապահ համակարգը կասկածելի հանգամանքներում կոծկեց «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Շերեփ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը։
Բանն այն է, որ Shamshyan.com-ը մայիսի 11-ին հրապարակել էր, որ մայիսի 9-ին Երեւանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջեւ խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուքի միջադեպը։ Ըստ կայքի՝ 16։15-ի սահմաններում պարեկները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել եւ Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել էր հասարակական կարգը, եւ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ։
Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել նշված ռեստորանի տնօրեն, Երեւանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երեւանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, որը նշված ռեստորանի հյուրընկալն է եղել, Երեւանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես պահեստապետ, եւ Ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Երեւանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։
Նույն դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։ Այսինքն՝ միջադեպը եղել է մայիսի 9-ին, դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել երկու օր անց, սակայն երկու օրվա ընթացքում իրավապահները պարզել են, թե հանցագործության դեպք չի գրանցվել։ Ինչպես հաճախորդների կողմից, այնպես էլ ռեստորանի աշխատակիցների կողմից հանցագործության մասին հաղորդում չի ստացվել։
Եւ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման օպերատիվությամբ քննիչները չեն քննում նմանօրինակ դեպքերը, ինչպես Երեմյաններին պատկանող ռեստորանի միջադեպն էր: Ավելին՝ մյուս դեպքերի նման օրերով մարդկանց քննչականներ տանել-բերելու փոխարեն՝ մեկ էլ հանկարծ երկու օրվա մեջ Քննչականի համար կասկածելի արագ արագության պայմաններում քննիչները հասկանում են, որ հանցագործություն չի եղել։
Թե ինչի դիմաց են քննչական գործունեություն ծավալողները փրկել Երեմյաններին այս միջադեպից, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ գործարար Դավիթ Երեմյանը եթե իշխող ՔՊ-ի համար անցանկալի մարդ լիներ, հիմա դատարանի առաջ կանգնած կլինեին նրա աշխատակիցները, բայց նրանք ներվեցին: Մենք դեռ կհետեւենք այս պատմությանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում